ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն խիստ մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Զեկույցում նշվում է, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
«Անդրադարձ է կատարվել ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր և բացարձակ վերացման ուղղությամբ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա