Логотип

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, հայտնում է Մոսկվայի Մեծ թատրոնի Telegram ալիքը:

«Այսօր 93 տարեկանում կյանքից հեռացել է մեր ժամանակների մեծագույն հանճարը՝ համաշխարհային դասական Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրինը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեծ թատրոնը նշել է, որ Ռոդիոն Շչեդրինը եզակի երևույթ է, մի ամբողջ դարաշրջան` համաշխարհային երաժշտական մշակույթի կյանքում: Նրա օպերաները, բալետներն ու սիմֆոնիկ ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ մեծ հաջողությամբ կատարվել են աշխարհի բոլոր խոշորագույն բեմերում։

Շչեդրինի անգնահատելի ստեղծագործական ժառանգությունը մշտապես արձագանք է գտնում մարդկանց սրտերում:

«Սա մեծ ողբերգություն է և անդառնալի կորուստ արվեստի աշխարհի համար»,-հայտարարել են թատրոնում:

Ռոդիոն Շչեդրինը խորհրդային և ռուս կոմպոզիտոր է, դաշնակահար, ուսուցիչ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), Լենինյան մրցանակի (1984), ԽՍՀՄ Պետական մրցանակի (1972) և ՌԴ երկու պետական մրցանակների (1992, 2018) դափնեկիր։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ: Նա յոթ օպերայի, հինգ բալետի, երեք սիմֆոնիայի, 14 կոնցերտի, կամերային, գործիքային, վոկալ, երգչախմբային և ծրագրային երաժշտության, կինոյի և թատերական ներկայացումների համար բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է:

Sputnik Արմենիա