Կյանքի 85-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո, մահացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Գարեգին Երկրորդ կաթողիկոսը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ սրբազան հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար: Փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ պատարագի կկատարվի հանգուցյալ սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը ծնվել է 1941թ.-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Ազգային Հայկազյան վարժարանում։ 1953-57թթ. սովորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում: Սարկավագ է ձեռնադրվել 1957 թվականին՝ ձեռամբ Արտակ արքեպս. Մանուկյանի, իսկ կուսակրոն քահանա է ձեռնադրվել՝ 1960 թվականին։ Դրանից երկու տարի անց արդեն մասնավոր վարդապետության 4-րդ աստիճան է ստացել՝ ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա կաթողիկոսի:
1974թ.-ին Մեծի Տանն Կիլիկիո Խորէն Ա կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել և օծվել է որպես եպիսկոպոս: 1995թ.-ին տեղափոխվել է Հայաստան, վարչական և մանկավարժական պաշտոններ ստանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Sputnik Արմենիա
