Մենք մեր խոսքի տերն ենք, մեր գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումը անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին։
«Իսկ թե այդ ընթացքում մեր գործընկերներից ով ինչպես կաջակցի, կտեսնենք բոլորս»,–ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսել է, որ հաջորդ ԱԺ–ում կլինեն ՔՊ–ն, «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը, իսկ ահա ՀՀԿ–ն չի հայտնի նոր ԱԺ–ում, Մամիջանյանն ասաց. «Նախ, ՀՀԿ–ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ այս պահին մեր հիմնական, միակ աշխատանքի ուղղությունը իմպիչմենտն իրականություն դարձնելն է։ Ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունը նաև դրանով է պայմանավորված։ Երկրորդ, ես կասկածներ չունեի, որ նախագահ Քոչարյանը Հանրապետականին է քվեարկելու, որ այսօր զարմանք ապրած լինեմ։ Մենք մեր ամբողջ ուժերն ուղղում ենք մինչև ընտրություններն իշխանափոխություն իրագործելու համար, այն է՝ իմպիչմենտ իրականացնելու համար։ Լավ կլինի, եթե այդ հարցում մեզ օգնեն մեր բոլոր գործընկերները։
Ես չեմ կարող այս պահին պատասխանել ընտրությունների վերաբերյալ հարցերին, որովհետև մենք այդ ուղղությամբ որևէ քննարկում, որևէ աշխատանք չենք տանում։
Ո՞վ կարող է երաշխավորել, որ մինչև ընտրություններ Վաշինգտոնի նման Հայաստանի ապագան խիստ մշուշոտ դարձնող արձանագրություններ կամ այլ գործընթացներ չեն լինելու։ Նմանօրինակ բաները ինչպես և նախագահ Սարգսյանը նախօրոք զգուշացրել էր և Հանրապետականը դրա մասին շատ շատ է խոսել, բացառելու համար մենք խնդիրը պիտի լուծենք մինչև ընտրություններ։ Ընտրությունները ընդամենը տարբերակներից մեկն են իշխանափոխության։ Ինչքանով է այդ տարբերակը հավանական թողնենք այլ քննարկման, բայց եթե դեռևս կա գործիք, որը ամբողջությամբ օգտագործված չի, խոսել մյուս գործիքի օգտագործման մասին ես չեմ ընկալում։ Մեր համար ոչ թե իշխանության հասնելն է նպատակ, այլ իշխանափոխություն իրականացնելը»,– ընդգծեց Մամիջանյանը։
News.am