Логотип

Մամիջանյան․ Մինչև ընտրություններ Փաշինյանը կարող է անդառնալի որոշումներ ընդունել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հանրային պահանջ կա, և դա ակնհայտ տեսանելի է, այդ թվում՝ հարցումների արդյունքներով։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ սեպտեմբերին 11–ին խորհրդարանում Մամիջանյանը հայտարարել էր, որ խմբակցությունը սեպտեմբերի վերջին կկազմակերպի խորհրդարանական լսումներ, որի նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումը՝ վարչապետին անվստահություն հայտնելու շուրջ։

«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել–չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Հույս ունենք, որ դրանում մեզ կաջակցեն մեր բոլոր գործընկերները, որովհետև ընտրություններ այսպես թե այնպես լինելու են, իսկ մինչև ընտրությունները Փաշինյանն այնքան անդառնալի բաներ կարող է անել, որ բավական ուշ կլինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք իրենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը վերաբանակցելու են, Մամիջանյանն ասաց, որ կան իրավական հիմքեր այն վերաբանակցելու համար։ Նա շեշտեց, որ իրենց իշխանության օրոք այդ փաստաթուղթն ավելի շատ կպաշտպանի ՀՀ շահերը։

«Անթույլատրելի թերացումները, որոնք Փաշինյանը թույլ է տվել և կարող են անդառնալի լինել մեր երկրի համար, դրանք կարող ենք շտկել։ Մասնավորապես, այնպես չի լինելու, որ այդ փաստաթղթի արդյունքում ՀՀ-ն համաձայնի Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ արդյունքում ունենալով զրո բանակցային արդյունք, իսկ Ադրբեջանը պահպանած լինի բանակցային բոլոր կետերը։ Առնվազն խաղաղություն, երբ հարազատ զավակներդ, տղերքը Բաքվում են, քո երկրի ինքնիշխան տարածքներն օկուպացված են, ես չեմ տեսել»,- շարունակեց Մամիջանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ փաստաթուղթը կարող է վերաբանակցվել կամ ընդհանրապես նորը գրվել, սակայն սրանք ճանապարհներ են, որոնք կարող են լինել միայն ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալուց հետո։

Այդուհանդերձ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի կարծիքով` Հայաստանում չի լինի ուժ, որը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռևանշիզմի գաղափարախոսությամբ։

Հիշեցնենք` հերթական խորհրդարանական ընտրություները Հայաստանի Հանրապետությունում կկայանան 2026թ–ի ամռանը։

Sputnik Արմենիա