Логотип

Մայր աթոռը դատապարտում է Միքայել սրբազանի նկատմամբ վերդիկտը և զգուշացնում

Մայր աթոռը դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատարանի այսօրվա վերդիկտը և զգուշացնում, որ օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը: Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից»,– նշված է հայտարարության մեջ։

Մայր աթոռից ցավով արձանագրել են, որ մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։

«Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Պաշտպան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ կանխատեսում են, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։

Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։ Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիտ, ուստի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։

Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։

Sputnik Արմենիա