Այո՛, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ Վեհափառին ուղեկցել են Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանը, Տ․ Արշակ արք․ Խաչատրյանը ու Տ․ Մուշեղ եպս․ Բաբայանը։
«Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել։ Ինչպես տարբեր առիթներով արձանագրվել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց ժողովներում, Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»,- նշեց Տեր Եսային։
