Պատարագների ժամանակ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդների անունները զեղչելով` պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ պատարագը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռը։
Նշվում է նաև, որ այսպիսով պատարագիչն իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից ու մերժում է եկեղեցու առաջնորդի իշխանությունը։
«Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և եպիսկոպոսի անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը ոչ միայն Ընդհանրական եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնին հակառակ է, այլև աղավաղում է Սուրբ պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը»,– ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռից հիշեցնում են, որ պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի նախ ծիսական նշանակություն, հետո նաև` եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ պատարագի հացի ու բաժակի շուրջ համախմբված տեղական համայնքը՝ իբրև ընդհանրական եկեղեցու մաս, որի հոգևոր առաջնորդն է եպիսկոպոսը, իսկ պատարագիչ քահանան կամ եպիսկոպոսն իր եկեղեցական-կանոնական միությունն է հաստատում Մայր եկեղեցու և նրա առաջնորդի՝ եպիսկոպոսապետի հետ։
Նշվում է, որ հիշյալ անունների հիշատակումը Սուրբ պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական և ընդհանրական եկեղեցու մաս։
Հավելենք, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, այն պատարագներին, որին ինքը մասնակցում է, պատարագիչ քահանան չի բարձրաձայնում կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունը։
Sputnik Արմենիա
