Логотип

Մայր աթոռն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված գործիչներին և ռազմագերիներին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Խոր ցավով տեղեկացանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի,– ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք` Բաքվում ընթացող շինծու դատավարությունն ավարտվել է, և դատարանն այսօր հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Sputnik Արմենիա