Նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է սուրբ և անմահ պատարագ, որի ընթացքում աղոթք է հնչել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի, Գարեգին քահանա Արսենյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների ազատության համար։
Պատարագը տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ, պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ, տեր Շնորհք աբեղա Պալոյանը, հավելել են Մայր Աթոռից։
Քարոզում տեր Շնորհքն ընդգծել է, որ հավատացյալները մեկտեղվել են հատուկ նպատակով՝ աղոթքով բարձրացնելու ձայնն ապօրինի ազատազրկված սրբազանների և հայ գերիների համար։ Նա նշել է նաև եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների ու դրանք հաղթահարելու կարևորության մասին։
«Այսօր փորձության է ենթարկվում հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը․ փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը և աղոթքի հարատևությունը։ Բոլորիս հայտնի է, թե ինչպե՛ս են այսօր փորձեր արվում մեր Առաքելական Սուրբ եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, եկեղեցու ծաղրապատկերը ձևավորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ»-ն ու շինծու «կարգավորություն»-ն ունի։ Եվ պարզ է, որ այնտեղ Աստված չի կարող բնակվել»,- շեշտել է նա։
Ավարտին տեր Շնորհքն ընթերցել է խաղաղության և զորության աղոթք՝ հորդորելով հավատացյալներին հարատևել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը պահի և պահպանի ամեն տեսակի հոգևոր և մարմնավոր փորձություններից։
Armenia Today
