Логотип

Մայր աթոռ․ Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում` Գևորգ եպիսկոպոս) լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2026 թ. մարտի 27–ի որոշմանը։

Ըստ այդ որոշման` Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։

«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ»,– ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Մայր աթոռից ընդգծում են, որ վարչապետի այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։

Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10–ն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար կաթողիկոսը հունվարի 27–ին կարգալույծ հռչակեց նրան։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանը եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:

Sputnik Արմենիա