Логотип

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում հերթապահություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները

Այս պահին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում հերթապահություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները։

Նշենք, որ հիմա Մայր աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ըստ տեղեկությունների՝ այնտեղ քննարկվում է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների հարցը։

Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը ArmeniaSputnik–ին հայտնել էր, որ չգիտի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 8 հոգևորականները մասնակցում են ժողովին, թե ոչ։

«Ժողովը կվերջանա, ամեն ինչ կիմանանք»,–ասել էր նա։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիորւմ Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

News.am