«Նեսթլե» (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ․ խնդիրներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ խնդիրը ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ է կապված։ Դա կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները ՀՀ ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, սակայն հետկանչը կատարվում է նախազգուշական նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Զգուշացնում են՝ իրացման ցանցերում NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից տուփեր տեսնելու դեպքում չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնին թեժ գծի միջոցով՝ 118։
Sputnik Արմենիա
