Логотип

Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի

Երեկ հայտնի դարձավ, որ կոռուպցիոն գործ շրջանակում ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Նրա հետ միասին Հակակոռուպցիոն կոմիտեում էին նաև պրոռեկտորը, ԲՈՒՀ-ի այլ աշխատակիցներ։

Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրեն Դիանա Մարկոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ շատ տեղեկատվություն չունի տեղի ունեցածի վերաբերյալ։

«Միայն գիտեմ, որ առավոտյան համալսարանում քննչական գործողություններ են տեղի ունեցել, մի քանի աշխատակցի հետ զրույց են ունեցել՝ վկայի կարգավիճակով, հետո մեր ռեկտորին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Այսքանը գիտեմ ու հետո կարդում եմ այդ գույժը, որն, ըստ էության, ապատեղեկատվություն է։ Ինքներս այս պահին որևէ տեղեկատվության չենք տիրապետում»,- նշեկ էր Դիանա Մարկոսյանը։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը։

Մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,- նշեցին կոմիտեից:

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանի վերաբերյալ նախաքննության մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Դատարանը քննել է միջնորդությունը և մերժել այն։

«Դատական նիստի ժամանակ Մանկավարժական համալսարանի ռեկտորի շահերի պաշտպանությունը ներկայացնում էինք երեք փաստաբաններով` ես, Ռոբերտ Խաչատրյանն ու Հովհաննես Հարությունյանը։ Դատարանը, քննելով քննիչի միջնորդությունը, մերժեց այն` կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ»,- ասաց ռեկտորի պաշտպան Կարեն Գաբրիելյանը։

Հարցին` ընդունե՞լ է արդյոք Սրբուհի Գևորգյանը մեղադրանքը, վերջինս պատասխանեց` ոչ, չի ընդունել։