Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ. Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանքը»,- գրել է Աթանեսյանը։
Հիշեցնենք` Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Sputnik Արմենիա