Логотип

ՄԱՐԴԻԿ ԵՎ ՈՒՂՏԵՐԸ

«Ուղտաերթի» ավարտից հետո, որն այդ անվանումը ստացավ «Քաղաքացիական պայմանագրի» ոչ այնքան գրագետ պատգամավոր Էմմա Պալյանի թեթև ձեռքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտասանեց մի հակիրճ ճառ, որում հայտարարեց, թե մենակ չի թողնի Հիսուս Քրիստոսին…

ՍԱ ԱՍՈՒՄ է ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՐԸ ՄԵՆԱԿ ԹՈՂԵՑ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԱՐՏՆՉՈՂՆԵՐԻՆ. կարող էր դադարեցնել պատերազմը, բայց վախենում էր, որ իրեն դավաճան կանվանեն։ Մենակ թողեց արցախցիներին, թույլ տվեց, որ նրանց զրկեն Հայրենիքից…

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության»:

Գարեգին Բ Կաթողիկոս. «Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»:

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հիշեցնում է Ջոզեֆ Քեմփբելի «Հազարադեմ հերոսը» գրքի վերջին պարբերությունը. «Ժամանակակից հերոսը, մերօրյա մարդը, նա, ով խիզախել է արձագանքել կանչին և գնալ փնտրելու ամենայն գոյի կացարանը, որի հետ պետք է իրագործվի մեր ընդհանուր ճակատագիրը՝ որպես քավություն, չի կարող և չպետք է սպասի, մինչ իր համայնքը կհրաժարվի իր ճնշող սնապարծությունից, վախերից, լրջմիտ ժլատությունից և իշխող վերնախավի կողմից խրախուսվող կեղծ բարոյական մոլորություններից»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռը ստորագրած լինելով: Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին»։

Գարեգին Բ Կաթողիկոս.«Եկեք հայց վեր առաքենք հայրենազրկված արցախահայ մեր զավակների տոկունության և ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների ոտնահարման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար»։

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հիշեցնում է Ջոզեֆ Քեմփբելի «Հազարադեմ հերոսը» գրքի վերջին պարբերությունը. «Մեզանից յուրաքանչյուրի համար եկել է դատաստանի օրը, յուրաքանչյուր ոք կրելու է Փրկչի խաչը, և բնավ ոչ ուրախ օրով, երբ իր ցեղը հաղթանակ է տոնում, այլ լուռ հուսահատության մեջ, որը կիսելու համար ոչ ոք չկա»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Այո, Եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները»։

Գարեգին Բ Կաթողիկոս. « Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայքում են պետական ու ազգային մեր ներուժը։ Թող Բարձրյալի Սուրբ խաչի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյան»:

Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվի բանտից. «Եվ աշխարհում, միևնույնն է, կիշխեն բարությունն ու լույսը»։

Հ.Գ. – Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. « Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո»։

Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվի բանտից. «Չուկովսկու «Ուտիճը» հեքիաթն իրականում հիշել էի այլ պատճառներով, և «Քաջ Նազարը»՝ նույնպես»…