Ռուսաստանը կարող է իր շահերն ունենալ Հայաստանում, միանգամայն օրինաչափ է Մոսկվայի շահագրգռվածությունը, որ ՀՀ իշխանության ղեկին լինեն ուժեր և մարդիկ, որոնք բարյացակամ են տրամադրված ՌԴ-ի նկատմամբ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` պատասխանելով մեր հարցին, թե որքանով են օբյեկտիվ որոշ քննադատների գնահատականները, թե իբր Ռուսաստանը խաղադրույք է կատարում հայկական ընդդիմության վրա։
Փորձագետի խոսքով՝ Մոսկվան ոչ թե կոնկրետ մարդու է աջակցում, այլ այն քաղաքական գծին, որը կառուցվում է ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Ռուսաստանի համար կարևորն այն է, որ այս ընտրություններն անցնեն առանց էքսցեսների։
«Իսկ ո՞վ կարող է անվանել թեկուզ մեկ երկիր, որը շահագրգռված չէ սեփական շահերը առաջ մղելով։ Տարօրինակ նարատիվներ են առաջ քաշում, թե իբր Ռուսաստանն իր ներկայությունն է ուզում։ Իսկ ԱՄՆ-ն չի՞ ուզում։ Կարելի՞ է կարծել, որ ԵՄ-ն չի ուզում, Ֆրանսիան չի ուզում, կամ Թուրքիան Կովկասում ոչ մի շահ չունի», – ասում է Մարկեդոնովը։
Նրա խոսքով` եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, իմաստ չունի ակնկալել, որ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և նրանց կողմնակիցների տրամադրությունները կանհետանան։ Եվ նաև անիմաստ է մտածել, որ Փաշինյանի հաղթանակով բոլորը հանկարծ կսկսեն մեջբերել «իրական Հայաստանը»։ Նույնը վերաբերում է նաև հակառակ սցենարին՝ եթե հաղթի Կարապետյանը կամ որևէ այլ ընդդիմադիր առաջնորդ, «իրական Հայաստան» հասկացությունը չի մեռնի։
Նա կեղծ անվանեց այն ընկալումը, որ ընտրությունների արդյունքներն անընդհատ ներկայացվում են որպես պատմության ավարտ։ Հայաստանում, ինչպես ցանկացած երկրում, հասարակական տրամադրությունները տարբեր են։ Եվ այդ տրամադրությունները միշտ կլինեն՝ անկախ նրանից, թե ով կհաղթի։ Ռուսաստանի նպատակն է ապահովել, որ իր կշիռն ավելի ծանր լինի, քան ԱՄՆ-ինը, ԵՄ-ինը, Ֆրանսիայինը կամ Թուրքիայինը։
