Логотип

ՄԱՐԿ ՄՈՆՏԳՈՄԵՐԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԵՍ ՓՈՔՐ-ԻՆՉ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

ԱՄՆ ռազմածովային ուժերի թոշակառու փոխ-ծովակալ, Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (FDD) կիբեր և տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի ավագ տնօրենն Մարկ Մոնտգոմերին Independence Avenue Media-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև Վաշինգտոնի պայմանավորվածությունները, նշել է, որ մտահոգված է Հայաստանին առաջադրվող Ադրբեջանի նախապայմաններով։

«Ես չգիտեմ՝ արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը նրա [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի – խմբ.] Նոբելյան մրցանակի ցուցակում ընդամենը երրորդ կետն են, թե՞ կա տնտեսական զարգացման նկատմամբ իրական նվիրվածություն։ Իմ փորձից ելնելով՝ ես հաճախ եմ այցելել Հայաստան 1980-ականների սկզբին, և այն ամբողջ Խորհրդային Միության աճի և արտադրողականության շարժիչ ուժն էր։ Նկատի ունեմ՝ դա յուրահատուկ վայր է՝ եզակի աշխատուժով և այդ ժամանակվա գերազանց ակադեմիական հաստատություններով։ Այնպես որ Հայաստանում կան հնարավորություններ և ներուժ, և գուցե նախագահը կամ նրա շրջապատը տեսնեն դա և օգտվեն դրանից։ Ես փոքր-ինչ մտահոգված եմ համաձայնագրով, Ադրբեջանի նախապայմաններով, որոնք, հավանաբար, անընդունելի են և պահանջում են սահմանադրական փոփոխություններ, որոնք կարող են տեղի չունենալ»,- նշել է Մոնտգոմերին։

Ամերիկացի փորձագետի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահին առնչվող խնդիրն այն է, որ հաճախ դժվար է կանխատեսել, թե ում է նա պատասխանատու համարում խնդրի համար։

«Հետևաբար մենք պետք է տեսնենք, թե ինչպես է դա զարգանալու առաջիկա վեցից տասներկու ամիսների ընթացքում։ Բայց լսեք, կարծում եմ՝ կա՞ նման հնարավորություն Հայաստանում։ Անկասկած։ Նկատի ունեմ, քանի որ հիշում եմ 40 տարի առաջվա Հայաստանը, որը հարաճուն զարգանում էր և խթանում էր տնտեսական աճը շատ ավելի մեծ երկրում, շատ ավելի մեծ կառուցվածքի շրջանակում։ Այսպիսով, եթե մենք կրկին հնարավորություն ունենայինք, եթե անհրաժեշտ ռեսուրսներ ունենայինք, գիտեք, կարծում եմ՝ Հայաստանը կարող է հաջողության հասնել։ Ես ուղղակի չգիտեմ՝ արդյոք պատրա՞ստ է նախագահ Թրամփը նման ներդրումներ կատարել»,- նշել է Մարկ Մոնտգոմերին։

News.am