«Մարտի 1»-ի գործով ոստիկանության երրորդ նախկին պաշտոնյային է մեղադրանք առաջադրվել, հայտնել է Գլխավոր դատախազությունը:
Երևանի քաղաքային վարչության պարեկապահակակետային գնդի վաշտի նախկին հրամանատար Կարեն Մովսիսյանի վերաբերյալ գործը նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանի գործերի հետ միասին ուղարկվել է դատարան։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ 2003 թվականի Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելուն հանցակցելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարով):
Քննությամբ պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ից Ազատության հրապարակում անցկացվում էին խաղաղ հավաքներ՝ ի նշան նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների դեմ բողոքի: Մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության գործող պետի հրամանով ոստիկանական ուժերը, այդ թվում՝ պարեկապահակակետային գնդի ծառայողները, նշված երեք պաշտոնյաների հրամանատարությամբ ցրել են նստացույցը:
Ըստ քննության տվյալների՝ ցուցարարներին հարկադրաբար հեռացրել են հրապարակից՝ այդ թվում՝ վրաններում քնած մարդկանց, կիրառելով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, ինչի համար իրավական հիմքեր չկային:
«Մարտի 1»-ի գործով մարտի 3-ին դատարան էր ուղարկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյան գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան հանրահավաքի մասնակիցներից մեկին ծեծի ենթարկելու հանձնարարություն տալու համար:
Փետրվարին մեղադրանքներ էին առաջադրվել Օսիպյանի և Մելքոնյանի նկատմամբ՝ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:
Armenia Today
