Логотип

«Մաքրությունը մեր մտքերում է». Միկոյանը «Եվրասիա» մրցանակ ստացավ էկո-նախաձեռնության համար

«Մաքրապատում» բնապահպանական կազմակերպության հիմնադիր Հակոբ Միկոյանը Մոսկվայում արժանացավ «Եվրասիա» մրցանակի «Սրտի կանչով» անվանակարգում։

«Չէի կարծում, թե կանհանգստանամ, այնուամենայնիվ հուշաթերթիկ էի պատրաստել», – ասաց Միկոյանը ռուսաստանցի երգիչ Դենիս Մայդանովից մրցանակը ստանալուց հետո։

Երբ Միկոյանը հանեց թերթիկը, հաղորդավար և երգիչ Նիկոլայ Բասկովը կատակեց. «Կարծում էի` կոնյակ կհանեք»։

Այնուհետև հայկական էկո-կազմակերպության ղեկավարը շարունակեց՝ մեջբերելով հայ դասական բանաստեղծ Պարույր Սևակին. «Աշխարհին… մանկա՜ն մաքրություն է պետք, և հենց ա՛յն մանկան, որին ամեն օր աշխարհ են բերում, նաև աշխարհի… անմաքուրները»։

Նա պատմեց, որ ինքը հայտնի Միկոյանների տոհմի ժառանգ է և ծագումով Լոռիից է։

«Եկեք ձգտենք ներքին և արտաքին մաքրության ներդաշնակության: Եկեք շնորհակալ լինենք այս զարմանահրաշ աշխարհին: Մեր յուրաքանչյուր քայլը կարող է այս մոլորակն ավելի մաքուր և ավելի լավը դարձնել: Մեր յուրաքանչյուր գործողություն կարող է ոգեշնչել ուրիշներին հոգ տանել բնության և իրենց մասին: Մաքրությունը ոչ միայն բնության մեջ է, այլև մեր մտքերում», – եզրափակեց իր խոսքը Միկոյանը։

«Մաքրապատում» բնապահպանական կազմակերպությունը հիմնադրել է Հակոբ Միկոյանը շրջակա միջավայրը պաշտպանելու, էկոլոգիական մշակույթ ձևավորելու և հասարակությանը կամավորական նախաձեռնություններում ներգրավելու նպատակով: Վերջին 1400 օրերի ընթացքում «Մաքրապատումը» ամեն օր զբաղվում է Հայաստանի փողոցների, այգիների, անտառների և գետերի մաքրությամբ: Շարժմանը միացել են հարյուրավոր կամավորներ՝ դպրոցականներ, ուսանողներ, ընտանիքներ և հասարակական միավորումներ:

Կազմակերպությունն աստիճանաբար վերածվել է ընդարձակ կամավորական շարժման, որը միավորում է տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ շրջակա միջավայրի առողջության և մաքրության պահպանման։

Sputnik Արմենիա