Логотип

Մելիքյանը մանրամասներ է հայտնում Միհրան Հակոբյանի վրա hարձակման դեպքից

«Միհրան Հակոբյանն այս պահին դեռ հետազոտվում է, որոշակի վնասվածքներ ունի դեմքի հատվածում, ինձ համար դա տեսանելի էր»,- «Իզմիրլյան» ԲԿ մոտ լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ նա հայտնել էր, որ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։

Մելիքյանը լրագրողներին ասաց, որ դեպքը տեղի է ունեցել «Դալմա մոլ»-ի ետնամասում 13.00-13.30 ընկած ժամանակահատվածում։

«Թիկունքից են եկել, մի քանի հոգով են եղել, առնվազն երեքն են եղել։ Նրանք եղել են դիմակներով։ Հարվածներ են հասցրել»,- մանրամասնեց նա։

Հարցին՝ տեղեկություն էր տարածվել, որ Միհրան Հակոբյանը տեղյակ է եղել, որ իրեն մի քանի օր շարունակ հետևել են, Ռ.Մելիքյանը պատասխանեց, որ նման տեղեկություն իրեն էլ են փոխանցել իրենց ընդհանուր ընկերը. «Նման տեղեկություն ես էլ եմ ստացել, բայց դա ոչ պրոֆեսիոնալ տեղեկություն է»։

«Միհրան Հակոբյանը զբաղվում է հանրային, քաղաքական գործունեությամբ, անձնական որևէ խնդիրներ չկան։ Ակնհայտ է, որ խոսքը կարող է վերաբերել բացառապես նրա հանրային գործունեությանը։

Քննադատական գրառումներ է արել։ Եթե ձևը փոխվել է, արդեն քննադատական գրառումների համար մարդու վրա հարձակվում են…։ Եղել է կոշտ քննադատություն, հիմա չգիտենք՝ կարող է ամեն օր խաղի կանոններ փոխվեն։ Կարող է դրանով իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այսուհետև եթե մեզ քննադատեք, կարող է այսպես լինել։ Չգիտեմ, չեմ կարող ասել։

Միակ բանը, որ այստեղ հստակ է, Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հրապարակային, հանրային գործունեությունը, գոյություն չունի։ Չեմ հարցրել Միհրանին, թե ում է կասկածում։ Ակնհայտ է, եթե մարդը հրապարակային ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, այն էլ մի անգամ 2021 թվականին նռնակ էին նետել տան առաջ ու որևէ մեկը չի բացահայտվել, պարզ է, որ ցանկացած ողջամիտ մարդ կկասկածի, որ դա իշխանական որևէ թևի հետ, իշխանությունների հետ որևէ կերպ կապ ունեցող մարդու մասին է խոսքը։

Այո, այլ պատճառ լինել չէր կարող, քան նրա հանրային գործունեությունը, այո, դրա շահառուն իշխանություններն են կամ իշխանությունների որոշակի թեևը։ Այս պահին ուրիշ պնդում անելն, ինձ թվում է, ճիշտ չէ։

Միաժամանակ ճիշտ եմ համարում, այս պահին չբացառել, որ իրավապահ մարմինները իրենց գործը կանեն ու կբացահայտեն։ Կտեսնենք, ամեն դեպքում ասեմ՝ պետությունը, իրավապահ մարմիններն այս դեպքն օպերատիվ, արագ բացահայտելու շատ լավ հնարավորություն ունեն»,- ասաց Ռ.Մելիքյանը։

Նա հայտնեց, որ ոստիկանությունն օպերատիվ ժամանել է, այս պահին անհրաժեշտ գործողություններ են կատարում։

Ռ.Մելիքյանն ասաց, որ Միհրան Հակոբյանի հետ չի կարողացել խոսել, քանի որ հետազոտման ընթացքում է։

«Մարդը հանրային ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, դրանից բացի ուրիշ որևէ պատճառ մենք չենք տեսնում։ Պետությունը, իրավապահ համակարգը լավ հնարավորություն ունի՝ ցույց տալու, որ նման արարքները արագ բացահայտվում են»,- նշեց փաստաբանը։

Panorama.am