Логотип

Մելոյան․ Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները․ Կարապետյանի գործը ողջ աշխարհում ամենաարագընթացն է

Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները, գրել է սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը՝ բարերար Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ։

Նա նշել է․

«1. 2025 թվականի նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով իր որոշումը։

2. Նույն օրը որոշումը ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազություն։

3. Նույն օրը այն ստացվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։

4. Նույն օրը դատախազությունից որոշումը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե։

5. Նույն օրն այն ստացվում է քննչական կոմիտեում:

6. Նույն օրն այն հանձնվում է Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։

7.Նույն օրը քննչական խմբի ղեկավարը հասցնում է ամբողջությամբ ընթերցել ավելի քան 100 էջանոց որոշումը, վերլուծել Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

8.Նույն օրը վերջինս դրանք ներառում է իր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մեջ։

9. Նույն օրը նա տպում և ստորագրում է միջնորդությունը։

10.Նույն օրը Դեղատան փողոցից շարժվում է դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հակակոռուպցիոն դատարան և, չնայած մայրաքաղաքի հայտնի խցանումներին, ժամը 18:27-ին մուտք է անում դատարան՝ ներկայացնելով միջնորդությունը։

Ցանկացած մեկը, ով երբևէ առնչվել է՝ Վճռաբեկ դատարանի որոշումների ստացման, հանձնման, փոխանցման գործընթացին, դրանց հիման վրա փաստաթղթերի կազմման և աշխատանքային օրվա ավարտին Երևանում տեղաշարժվելու իրականությանը,  կհաստատի՝ Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է»։

News.am