Սա կհնչեր որպես քաղաքական անեկդոտ՝ «դիվանագետները կատակում են» շարքից, եթե իրականություն չլիներ. Հնդկաստանը արգելափակեց Ադրբեջանի անդամակցումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ կապված Նյու Դելիի հետ հակամարտությունում Իսլամաբադի քաղաքականությանը Բաքվի աջակցության հետ: Պակիստանն ի պատասխան արգելափակեց Հայաստանի անդամակցումը ՇՀԿ-ին, այն դեպքում, երբ օգոստոսի 31-ին Հայաստանն ու Պակիստանը հայտարարել էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
ԱՅՆ, ՈՐ ՀՆԴԿԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՇՀԿ–ԻՆ, ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՔԱՅԼ Է, ԱՅՆՊԵՍ ՉԷ՞: Պակիստանի հետ Հնդկաստանի բազմամյա հակամարտության և Պակիստանին Ադրբեջանի ոչ միայն աջակցության, այլև պարզապես սերտագույն բարեկամության համատեքստում Հնդկաստանն իր նկատմամբ Բաքվի գործողությունները միանգամայն տրամաբանորեն բնորոշում է որպես ոչ բարեկամական։
Ինչ վերաբերում է պատասխան քայլին, ապա Պակիստանն, իհարկե, ստորություն արեց՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունից բառացիորեն անմիջապես հետո արգելափակելով Հայաստանի անդամակցումը ՇՀԿ-ին։ Սակայն դա նույնպես տրամաբանական է դիտվում: Քանզի չկա մի բան, ինչով Հայաստանը կապված լինի Պակիստանի հետ, այն երկրի, որը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ պատճառաբանելով դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծվածությամբ։ Նույնիսկ Թուրքիան նման ծայրահեղության չի դիմել ու թեև Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, բայց ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան անկախ պետության կարգավիճակը վաղուց է ճանաչել։
Պետք է ենթադրել, որ Հայաստանի հետ «ընկերանալու» Իսլամաբադի այսօրվա ձգտման դրդապատճառն ամենևին էլ ղարաբաղյան հակամարտության «սպառվածությունը» չէ, այլ հաղորդակցության ուղիների, մասնավորապես՝ Սյունիքի ճանապարհի ապաշրջափակման դեպքում թուրանական շահաբաժիններին հաղորդակից լինելու ցանկությունը։ Ընդ որում Պակիստանը հստակ ցույց տվեց, որ ցանկացած պահի պատրաստ է ոտքը դեմ տալ Հայաստանի ճանապարհին, և ոչ մի դիվանագիտական հարաբերություն դրան չի խոչընդոտի։ Եվ ոչ միայն ցույց տվեց, այլև արեց դա։
Իսկ այ որո՞նք են Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու հայկական ղեկավարության շարժառիթները. այն երկրի, որը 44-օրյա պատերազմի ընթացքում համակողմանի աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին և խորացնում է սերտ ռազմական դաշինքը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Բոլորովին վերջերս ծանուցվեց, որ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ձևավորում են ուժի կենտրոն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին. «Ադրբեջանը ուժգնացնում է փոխգործակցությունը Պակիստանի հետ պաշտպանության ոլորտում, ներառյալ կործանիչների գնումը։ Խոսքը միլիարդավոր դոլարների պայմանագրերի մասին է։ Զուգահեռաբար զարգանում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցությունը, որը ռազմավարական դաշինքի կարգավիճակի է հասել 2021 թվականին Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո։ Կանոնավոր զորավարժությունները ուժգնացնում են երկու երկրների ինտեգրումը միասնական ռազմական հայեցակարգի շրջանակներում։
Այս ձևաչափը կարող է այլընտրանք ծառայել գոյություն ունեցող արևմտյան և արևելյան դաշինքների համակարգերին… Սրա օրինակն է համակարգումը Զանգեզուրի միջանցքի շուրջ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը գործում են սինքրոն, ամրապնդելով դիրքերը Հարավային Կովկասում»:
Ուրեմն ո՞րն է Հայաստանի ղեկավարության նպատակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում։ Մաքիավելիի բանաձե՞ւը. մոտ պահիր բարեկամներիդ, իսկ է՛լ ավելի մոտ՝ թշնամիներիդ: Դվար թե։ Որովհետև հենց բարեկամներին փաշինյանական դիվանագիտությունը վանում է։ Հնդկաստանը Հայաստանի բարեկամն է և միշտ է եղել այդպիսին. ավելին, այսօր մենք սպառազինություն ենք գնում այդ երկրից։ Հնդկաստանի քթի տակ հապճեպորեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա թշնամու հետ, ընդ որում՝ թշնամու, որը քեզ էլ, մեղմ ասած, բարեկամ չէ և ոչ մի լավ բան, բացի վատից, չի արել. ինչպե՞ս հասկանալ սա։ Անտեսելով բարեկամ Իրանին՝ բերել հասցնել ՆԱՏՕ-ն նրա սահմաններին. ինչպե՞ս հասկանալ սա։
Վիճակվել է կարծիքներ լսել, թե առանց Պակիստանի կողմից ճանաչման՝ Հայաստանը կիսաճանաչված երկիր է։ Այ քեզ բա՛ն։ Երկու տասնյակից ավելի երկրներ չեն ճանաչում Իսրայել պետությունը, և ինչ, նա դրանից դադարե՞լ է անկախ, ինքնիշխան լինել։ Իսրայելն իրեն ամենևին էլ կիսաճանաչված երկիր չի զգում, ինչ է թե աշխարհի քարտեզի ոչ բոլոր պետություններից է անկախության «կադաստրի վկայականը» ստացել:
Վերջին 7 տարիների հայկական դիվանագիտությունը բացարձակ խառնաշփոթ է թվում։ Ուզում ենք մտնել ՇՀԿ, ԵՄ, բայց ԵԱՏՄ-ից հրաժարվել էլ չենք ուզում, որովհետև ձեռնտու է։ Այն փաստը, որ անհնար է միաժամանակ լինել ամենուր, չի հուզում Փաշինյանին ու իր թիմին։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների համատեքստում հայտարարվում է, թե անդարձելիության կետն անցած է, բայց ընդ որում ՆԱՏՕ մեզ ոչ ոք չի կանչում և չի սպասում։ Ցանկանալ լինել ամենուր, կնշանակի՝ ի վերջո լինել ոչ մի տեղ: Սա ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն է, այլ կինո՝ հայտնի ֆիլմի ոգով.
-Ավազահանք՝ 2 հոգի:
– Ե՛ս։
-Ցեմենտի գործարան…
– Ե՛ս։
-Ածուխի բեռնում…
– Ե՛ս։
-Ախոռների մաքրում…
-Ե՛ս։
Միայն եթե կինոյում դա ծիծաղելի է թվում, ապա իրական քաղաքականության մեջ, հատկապես տեկտոնական աշխարհաքաղաքական վերափոխումների դարաշրջանում, նման խառնաշփոթը չափազանց վտանգավոր է։