«Մեղմ ուժը» կլինի Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության բաղադրիչներից մեկը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ը։
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ստեղծվել է համակարգող միջգերատեսչական խումբ, որն աշխատում է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վրա։ Նախագիծը պետք է պատրաստվի տարվա ընթացքում։
«Ազգային անվտանգության ռազմավարությունը փաստաթուղթ է, որում նշված են ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերները, սպառնալիքները և թե պետությունն ինչպես է պատրաստվում դիմակայել այդ մարտահրավերներին ու չեզոքացնել սպառնալիքները», – ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել: 2007-ից ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել, տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը, Իրան-ԱՄՆ լարվածությամբ պայմանավորված մեր սահմանակից Իրանի համար առաջադրվել են այդ պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ, Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:
Գրիգորյանն ընդգծեց, որ իշխանության համար լրջագույն խնդիր է բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016-ի ապրիլյան իրադարձությունների կրկնությունը։
Նրա խոսքով` ազգային անվտանգության ռազմավարության իրական հենասյունն են լինելու ՀՀ զինված ուժերը, որոնց կատարելագործման և մարտունակության բարձրացման համար բազմաշերտ քննարկումներ են ընթանում:
Գրիգորյանի խոսքով` առանձին դեր կհատկացվի սփյուռքի հետ համագործակցությանը։
Նա նշեց, որ Հայաստանը պետք է ձևավորի այնպիսի փաստաթուղթ, որը կլինի ճկուն, կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: Այս ռազմավարությունը պետականաշինության ճանապարհային քարտեզն է։
Գրիգորյանն ասաց, որ աշխատանքում կներգրավվեն փորձագետներ Արցախից` հաշվի առնելով ընդհանուր սպառնալիքները։
