Ի՞նչ են թաքցնում իշխանամետ հայկական լրատվամիջոցները Ադրբեջանի կառավարական հաստատությունների մասին
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Ո՞վ էր այն տեքստերիի հեղինակը, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները։ Մենք գիտենք նրանց անունները՝ Հաքան Ֆիդանը (Թուրքիայի ԱԳ նախարար) և Իբրահիմ Քալընը (թուրքական MIT հետախուզության ղեկավար)։ Այսօր այդ մասին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը՝ հայտարարելով, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ հայ-ադրբեջանական գործընթացի հարցերով, խորհրդատվություն են տրամադրում հենց Քալընն ու Ֆիդանը։
Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Օրինակ, այն, որ «Զանգեզուրի միջանցքը» «Թրամփի երթուղի» անվան տակ քողարկելու գաղափարը թուրքական է, որի նպատակն է փրկել ՀՀ-ում իրենց գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի դեմքը։ Սա բացատրում է նաև ադրբեջանական կողմի վարքագիծը, որը (Իլհամ Ալիևից մինչև Հիքմեթ Հաջիև) չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» տերմինից։
Ադրբեջանական կողմի հայտարարություններին չի արձագանքում, օրինակ, Հայաստանի ԱԳՆ-ն, թեև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Արարատ Միրզոյանը հնարավորություն ուներ հանդիպելու իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Չնայած… Եթե Փաշինյանը հանձնել է հենց միջանցքը, ապա ինչո՞ւ Ադրբեջանում պետք է հրաժարվեն այդ տերմինից։ Եթե Փաշինյանը հանձնել է միջանցքը, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն պետք է ինչ-որ կերպ արձագանքի այդ տերմինի օգտագործմանը։
Եթե ԱՄՆ նախագահը լսում է թուրքական հետախուզության կարծիքը, ապա որքա՞ն է հավանականությունը, որ եթե Անկարան և Բաքուն օկուպացնեն հայկական Մեղրին (օրինակ՝ եթե «միջանցքում» «դժբախտ պատահար» տեղի ունենա թուրքական կամ ադրբեջանական վարորդի հետ), Քալընն ու Ֆիդանը կկարողանան դրա անհրաժեշտությունը հիմնավորել ամերիկյան վարչակազմի առջև։
Իրավիճակը վտանգավոր է Հայաստանի բոլոր բնակիչների համար, բայց հատկապես իրադարձություններին ուշադիր պետք է հետևեն Մեղրիի, Սյունիքի մարզի բնակիչները, քանի որ նրանք են առաջինը հայտնվելու Թուրքիայի և Ադրբեջանի հարվածի տակ։ Մեղրիի բնակիչները հնարավորություն կունենան խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինստիտուցիոնալ կերպով արտահայտել իրենց կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Նրանք ընտրություն ունեն՝ դառնալ թուրքական անապատ, կամ, օրինակ, ընդունել Մեղրիի տնտեսական զարգացման ծրագիրը, որը օրերս ներկայացրեց «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ քաղաքում նախատեսվում է մինչև 300 միլիոն դոլարի ներդրումներով Man ընկերության տեխնոլոգիաներով ջերմաէլեկտրակայաններ կառուցել։ Վերամշակելով գազը՝ Հայաստանը կկարողանա վերավաճառել Իրանին էլեկտրաէներգիայի տեսքով։
Շարժումն առաջարկում է նաև ստեղծել գյուղատնտեսական գլխավոր պլան, ֆերմերներին տրամադրել արտոնյալ ֆինանսավորում նոր այգիներ հիմնելու համար և լուծել Մեղրիի ջրամատակարարման խնդիրը՝ կառուցելով ջրամբար՝ լեռնային ջուրն օգտագործելու համար։
Միաժամանակ ակնհայտ է, որ ծրագիրը կարող է իրականացվել, եթե լինեն անվտանգության երաշխիքներ. եթե ռուս սահմանապահները հայկական բանակի հետ համատեղ շարունակեն ապահովել անվտանգությունն՝ առանց որևէ երկրի Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք տրամադրելու։
Կրկին նշենք՝ Մեղրին պետք է ընտրի՝ լինել թուրքական անապատ, թե լինել հաբ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև։
Մտածե՛ք այդ մասին․․․»։