Հայաստանի ներկայիս կառավարության հաղթանակի դեպքում այսպես կոչված անկլավները կանցնեն Ադրբեջանին։ Նմանատիպ կարծիք է հայտնել «Հայաքվե» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ իրադարձությունների զարգացման երկու սցենար կա։ Եթե իշխանությունները հաղթեն, պետք է սպասել տուրբուլենտ շրջանի. ի պատասխան՝ իշխանությունները կձգտեն ամրապնդել իրենց դիկտատուրան և խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում կսկսեն «որս» կատարել ընդդիմության նկատմամբ։
Սա կարևոր է հաշվի առնել հիմա՝ ցուցակները կազմելիս, հիշեցրել է Սողոմոնյանը։ Քաղաքական գործիչը կարծում է, որ Բաքվից Փաշինյանի թիմից սահմանին տիրող ներկայիս խաղաղության դիմաց կպահանջեն անկլավները։ «Շատ ուղիղ տեքստով ասում են, «եթե երկու երրորդը չունենանք՝ կլինի պատերազմ», որովհետև շատ պարզ է, իրենց առաջ խնդիր կա դրված, որ եթե հիմա մենք չենք կրակում, հիմա քեզ թույն ենք տալիս, որ քո ժողովրդին ասես, որ հիմա խաղաղություն է, ապա դու պետք է դրա համար վճարես և ինչո՞վ պետք է վճարվի։
Ամենահավանական տարբերակն այն է, որ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Ազատամուտը՝ այսպես կոչված Սոֆուլուն, Բարխուդարլուն հատվածները, ասպես կոչված անկլավները կանցնեն նրանց։ Զիջումների համար ամենահարմար ժամանակը հուլիս-օգոստոսն է, որովհետև եթե սցենարը հաջողվի, հիասթափությունը մեծ կլինի, նաև ելնելով կլիմայական առանձնահատկություններից՝ շոգից»,- նշել է Սողոմոնյանը։
Երկրորդ սցենարն այն է, եթե ընդդիմությունն ավելի շատ ձայներ հավաքի։ Քաղաքական գործիչն առաջարկել է նախապես համաձայնության գալ մի բանաձևի շուրջ՝ ցանկացած ձայն պետք է օգտագործվի, եթե կա այս իշխանություններին հեռացնելու հնարավորություն։ «Ինչպես այս ընտրություններն են արտառոց, այնպես էլ զարգացումները լինելու են անսովոր ընտրություններից հետո։ Հայաստանն այսօր այս իշխանություններով ձեռնտու է համաշխարհային կենտրոնների մեծ մասին, նույնիսկ Մոսկվային»,- փաստել է Սողոմոնյանը։
Նա կարծում է, որ նոր իշխանությունների առջև հասարակական հաշտեցման մեծ աշխատանք է դրված։ Նաև շատ կարևոր է ստեղծել այնպիսի կառավարում, որն անհնարին կդարձնի իշխանության և դրա ինստիտուտների, առաջին հերթին՝ դատախազության ուզուրպացումը։ «Իշխանություններին անհրաժեշտ է խորհրդարանի երկու երրորդը, որովհետև դատախազի լիազորությունների ժամկետն ավարտվում է։ Անկլավների հանձնումը հանցագործություն է, նրանց հավատարիմ դատախազ է պետք, որպեսզի հանցագործությունը մնա անպատիժ»,- ընդգծել է Սողոմոնյանը»։
