Логотип

Մերձավանի կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում

NEWS.am–ի տեղեկություններով Մերձավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, այս պահին վիճակը բավարար է գնահատվում։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է նրան։

Նշենք, որ տեղի ունեցածի մեջ մեղադրվող երկու անձն էլ կալանավորվել են։ Դատարանը բավարարել է Նարեկ Օհանյանին ու Գևորգ Հարությունյանին երկու ամիս ժամեկտով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Վերջինիս հարազատներից նույնպես կան Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալների թվում։