Логотип

Մերձավանի սպանություններով պայմանավորված՝ պաշտոնից ազատվել է ԱԱԾ մարզային վարչության պետը

Մերձավանում տեղի ունեցած սպանություններով պայմանավորված` պաշտոնից ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության ԱԱԾ պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:

Նշենք, որ աղմկահարույց սպանություններից հետո սա արդեն 4-րդ պաշտոնականությունն է. ավելի վաղ պաշտոնից ազատվել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, ՀՀ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։