Логотип

Մերձավոր Արևելքի երկրներում և Հայաստանում ամերիկյան համալսարաններն անցել են օնլայն դասապրոցեսի

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գործող ամերիկյան համալսարաններն, անվտանգության նկատառումներից ելնելով և հաշվի առնելով դրանց թիրախավորման վերաբերյալ Իրանի հնչեցրած սպառնալիքները, դասերը կանցկացնեն օնլայն ձևաչափով։ Առցանց դասապրոցեսի է անցել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ընդգծել է, որ ուսումնական հաստատության նկատմամբ ուղիղ սպառնալիք չկա։

«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», – նշված է հայտարարության մեջ։

The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ նման հայտարարություններ են տարածել Լիբանանում գործող Բեյրութի ամերիկյան համալսարանը, ինչպես նաև Իրաքում գործող Բաղդադի, Սուլեյմանիայի և Դոհուկի ամերիկյան համալսարանները։

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը մարտի 29-ին X-ում տարածած հայտարարության մեջ նախազգուշացրել է, որ Իրանը և նրա աջակցությունը վայելող աշխարհազորայինները «կարող են մտադրվել թիրախավորել» Բաղդադի, Սուլեյմանիայի և Դոհուկի ամերիկյան համալսարաններն՝ այլ համալսարանների հետ միասին, որոնք կապվում են Միացյալ Նահանգների հետ։

Բեյրութի ամերիկյան համալսարանի հայտարարության մեջ նշվում է, որ սա նախազգուշական միջոցառում է, և որ համալսարանին «ուղիղ սպառնալիքի ոչ մի վկայություն չկա»։

Այս նախազգուշացումներից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան համալսարաններին այն բանից հետո, երբ ամերիկա-իսրայելական հարվածները թիրախավորել էին Իրանում երկու համալսարանական համալիր։