Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին նավերի ակտիվությունը Հորմուզի նեղուցի շրջանում կրճատվել է 70%-ով։ Այս մասին հայտնում է MarineTraffic-ը (նավերին իրական ժամանակում հետևելու միջազգային առցանց ծառայություն) X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ դանիական խոշորագույն Maersk նավագնացային և լոգիստիկ ընկերությունը հայտարարել էր Սուեզի ջրանցքով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով տրանզիտային չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին:
MarineTraffic-ի տվյալներով՝ ռազմավարական ծովային միջանցքով տարանցումը սկսել է նվազել փետրվարի 28-ից:
Այսպիսով, վերջին երեք օրվա ընթացքում տարածաշրջանում արձանագրվել է լոգիստիկայի զգալի վերակառուցում: Ակնառու փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես ծովային անվտանգության ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումների հրապարակումից հետո:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս համեմատաբար նեղ ծովային ուղին միակ անցումն է դեպի Պարսից ծոց ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար: Հորմուզի նեղուցով էներգակիրների անխափան մատակարարումներից և անվտանգ նավագնացությունից կախված են, առաջին հերթին, այս երթուղով մատակարարվող էներգակիրների ներկրողներն ու արտահանողները:
Sputnik Արմենիա
