Այս պահին 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականցնում Կառավարության շենքի դիմաց։
Անհետ կորած զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Մեր Արսենին և Աբիջյանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի քաղմաս։ Տեղեկություն ունենք, որ տեղափոխում են Աջափնյակի դատարան։ Իմ տեղեկություններով, մի քանի օր առաջ, որ ՊՆ–ի դիմաց ակցիա կատարեցինք անհետ կորածների ճակատագրերին վերաբերող հարցերով, հորինված ինչ–որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են, ոչ մի հիմք չկար իրենց ձերբակալվելու»։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ–ի դիմաց, նրանք փակել էին մուտքի դուռը, թույլ չէին տալիս որևէ մեկը դուրս գա, կամ մտնի։ Ժամանել էին ոստիկաններ, որոնք փորձում էին հեռացնել ակցիայի մասնակիցներին, սակայն ի վերջո տեղի տվեցին և բախում չեղավ։
Անհետ կորածների ծնողները պահանջում էին հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Նրանց ի վերջո հաջողվել է հանդիպել Էդուարդ Ասրյանի հետ, և այդ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։
Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։ «Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետև մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասել էր Ղուկասյանը։