Այս քայլով Փաշինյանը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ ինքը չի պայքարում Եկեղեցու դեմ, բայց մենք՝ Հայաստանում, գիտենք, որ նա շղթայում է հոգևորականների և պայքարում Եկեղեցու անկախության դեմ։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից ոմանք, որոնք աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են։ Ընդ որում մենք այնքան ամուր, մաքուր կյանքով ապրող սրբազաններ ունենք, որ ոչ մի կոմպրոմատ չկարողացան գտնել նրանց դեմ։ Սա ցույց է տալիս, որ եկեղեցում կան խորքային հավատքով մարդիկ, ովքեր հետևում են եկեղեցական բոլոր կանոններին», – հավելել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ բախումները անընդունելի են և հայ հասարակության մեջ բախումներ չպետք է տեղի ունենան։ «Մենք բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը», – նշել է նա։
Այն հարցին, թե ինչու է Մայր Աթոռում փակցված Սամվել Կարապետյանի դիմանկարը, Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ «Սամվել Կարապետյանի նկարը, ինչպես նաև հայ եկեղեցու մյուս բարերարներինը, կախված է վեհարանում, քանի որ վեհարանը կաթողիկոսի աշխատանքի վայրն է: Ինչքան մենք գիտենք, դա նաև կաթոլիկ եկեղեցու ավանդույթների մեջ է։ Ճանաչելով Սամվել Կարապետյանին, ես կարող եմ ասել, որ նա երբեք չի բարձրաձայնել այն բաները, որ ինքն արել է, և երբեք կողմ չի եղել: Բայց դա մեր հոգևոր դասի, երևի թե, քայլն էր` ի պատիվ իրենց», – ընդգծել է Կարապետյանը:
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պառակտում է եկեղեցին և հասարակությունը։ «Մենք բոլորս գիտենք, թե որոշ հոգևորականներ ինչպես են հայտնվել նման իրավիճակում (խոսքը Փաշինյանին աջակցություն հայտնած 10 եպիսկոպոսների մասին է – խմբ.)։ Նրանցից մի քանիսին ես անձամբ եմ ճանաչում։ Կարող եմ վստահությամբ ասել, որ նրանց կարծիքը Փաշինյանի մասին ավելի բացասական է, քան շատ ընդդիմադիրների կարծիքը», – ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու անկախության դեմ ուղղված իշխանությունների քայլերը նպատակ ունեն հարվածել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և միջազգային ատյաններում հայկական շահերի ներկայացմանը։ Կարապետյանը հավելել է, որ դրան նախորդել են Թուրքիայի հետ բանակցությունը և որ միայն հետագայում կիմանանք, թե դա ինչ արդյունքների է հանգեցրել և ինչ պարտավորություններ են ստանձնել իշխանությունները։ Նրա խոսքով՝ խնդիրը որոշ հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտի դրժումը չէ, այլ նպատակը եկեղեցուն անկախությունից զրկելն է, որպեսզի այն իրավունք չունենա առաջ մղել ազգային օրակարգը։ Այս ամենը տեղի է ունեցել արտաքին ուժերի հետ իշխանությունների պայմանավորվածությունների արդյունքում։ Ժամանակի ընթացքում հայտնի կլինի, թե նրանք ինչ պարտավորություններ են վերցրել իրենց վրա։
Նա հիշեցրել է, որ իշխանությունները նախկինում ևս փորձել են վերացնել եկեղեցու անկախությունը, սակայն ձախողվել են. նրանց մոտ ոչինչ չի ստացվի նաև այս անգամ։ «Մեր մտահոգությունն այն է, որ նրանք եկեղեցու տարբեր անձանց կոմպրոմատներով կամ առանց դրա, քաշելով իրենց կողմը, իշխանությունը կգնա եկեղեցու պառակտմանը, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը։ Մենք միշտ լինելու ենք եկեղեցու կողքին և սատարելու ենք նրան», – եզրափակել է Կարապետյանը։
News.am
