«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այց կատարեցին Վայոց Ձորի մարզ։
Այցը մեկնարկեց Գլաձոր գյուղում, կենտրոնական հրապարակում կայացավ շարժման անդամների հանդիպումը բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների կողմից գլաձորցիներին ներկայացվեց Վայոց Ձորի մարզի կայուն զարգացման հայեցակարգը՝ մարզը դարձնել գինեգործության տուրիզմի՝ էնոտուրիզմի կենտրոն։
Այնուհետև շարժման անդամները եղան Եղեգնաձոր քաղաքում, որտեղ Մոմիկի 2-րդ նրբանցք 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Եղեգնաձորի գրասենյակը։
Բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամները շրջեցին տարածքում, շփվեցին գրասենյակի առաջին այցելուների հետ և ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։
Եղեգնաձորից հետո այցը շարունակվեց Մալիշկա գյուղում, որտեղ «Մեր ձևով» շարժման անդամները հանդիպում ունեցան գյուղի բնակիչների հետ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում գյուղական բնակավայրերի կայուն զարգացման և բնակիչների զբաղվածության ապահովման հնարավորությունների շուրջ։
«Մեր ձևով» շարժման անդամների հաջորդ կանգառը Վայք քաղաքում էր, որտեղ տեղի ունեցավ մարզում շարժման երկրորդ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։
Բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց 11,000-րդ կամավորը։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման աշխատանքային այցը Վայոց Ձոր ավարտեց Զառիթափ գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպում ունեցան զառիթափցիների հետ, ծանոթացան նրանց առօրյային և վերջիններիս հուզող խնդիրներին։
News.am
