Логотип

ՄԵՐ ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՉԸ…

Հանգուցյալների մասին ընդունված է միայն լավը խոսել։ Բայց երբեմն մեր մեջ հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնց պարագայում նույնիսկ չարակամները չեն կարող որևէ վատ բան գտնել։ Քանզի չկար այդ վատը: Այդպիսին էր մեր Ռուբիկը։ Ռուբեն Խաչատուրի Թոփչյանը, «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրության տնօրենը։

ԱՅՍ ՀՈՒՆՎԱՐԻՆ 30 ՏԱՐԻ ԼՐԱՑԱՎ ԱՅՆ ՕՐՎԱՆԻՑ, ԵՐԲ ՆԱ ԵԿԱՎ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ: Խաչատուրովիչը պատմում էր, որ իր նախնիներն ապրել են Էրզրումում, իսկ այնուհետ՝ Լենինական, Երևան, ուսում ԵրՊԻ-ում, աշխատանքի տարիներ ԵրՄՄԳՀԻ-ում՝ որպես ինժեներ, և 30 տարի «ԳԱ»-ում: Այստեղ Թոփչյանն աստիճանաբար ստանձնեց պարտականությունների այնպիսի լայն շրջանակ, որ մենք բոլորս լոկ զարմանում էինք, թե ինչպես է նա հասցնում գլուխ բերել աշխատանքի այդ ծավալը։

Համակարգչային փոստ, վարչական գործառույթներ, տնտեսական գործեր, ֆինանսական հոգսեր. ամբողջը թվարկել անհնար է։ Բացի ամենօրյա տքնաջան աշխատանքից, Ռուբեն Խաչատուրովիչը մշտական շփման մեջ էր խմբագրության աշխատակիցների հետ նույնիսկ ներկայիս ինտերնետ-առցանց ժամանակներում: Ասենք, ինչո՞ւ միայն մերոնց:

Նա ժամանակ էր գտնում խմբագրության բոլոր այցելուների համար, խորամուխ լինում նրանց խնդիրների մեջ, ձգտում օգնել ինչով կարող էր։ Եվ ավելին։ Թվում էր, թե նրա կյանքի իմաստն է՝ ամեն օրվա մեջ ներդնել իր բարությունից գոնե մի մասնիկ։ Եվ դա ոչ միայն թվում էր, այլև տեղի էր ունենում բոլոր այս տարիներին:

…Դեկտեմբերի 25-ին ավտովթարում ստացած ծանր վնասվածքը երկար ժամանակով անկողնուն գամեց մեր Ռուբիկին (պարանոցի ողերի կոտրվածք): Մի փոքր ապաքինվելով՝ նա աստիճանաբար ուշքի էր գալիս, հուսալով, որ կվերադառնա շարք, իր հարազատ խմբագրություն, որտեղ բոլորն անքա՜ն սիրում ու սպասում էին իրեն:

Բայց կյանքն այլ կերպ տնօրինեց։ Սիրտը կանգ առավ փետրվարի 23-ին. այն տարվա, երբ սեպտեմբերին նշելու էինք նրա 80-ամյակը:

Ո՞վ է ասել, թե անփոխարինելիներ չկան: Իհարկե՝ կան: Այո, հեռացածներին փոխարինելու են գալիս ուրիշները, և կյանքը շարունակվում է։ Բայց նա արդեն այլ է։ Քանզի ողջերը զգում են նրանց կարիքը, ովքեր հեռացել են: Եվ այդպիսի կորուստները չես լրացնի։

Լավ մարդիկ առհավետ մնում են մեր հիշողության մեջ և շարունակում սովորեցնել մեզ ապրել:

Խորին ցավակցություն Ռուբեն Խաչատուրովիչի ընտանիքին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:

Մենք քեզ չենք մոռանա:

«Գոլոս Արմենիի»-ի խմբագրակազմ

Թոփչյանների ընտանիքը խորը վշտով հայտարարում է ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՉ ԹՈՓՉՅԱՆԻ մահվան մասին։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 17:00-ից մինչև 20:00-ն, «Զոլեր» սգո սրահում, որը գտնվում է Գ. Հասրաթյան փողոց 25/3 հասցեում։

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն վայրից փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին։