Այս խոսքերը պատկանում են Արսեն Ղուկասյանին, դրանք ասվել են 2023 թվականի մարտին։ Այն մարդը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը, որի որդին էլ, իր եղբորորդին, համարվում է անհայտ կորած, երեկ մեկ ամսով կալանավորվեց «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեղադրանքով։ Իրականում՝ այն բանի համար, որ ահա արդեն 5 տարի շարունակ փորձում է պարզել իր եղբորորդու և էլի մի քանի հարյուր անհայտ կորած հայ զինվորների ճակատագիրը։
ԱՄԵՆ ԱՆԳԱՄ, ԵՐԲ ԲԱԽՎՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՐԻՆ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ՝ իրենց զավակներին տված ծնողների ու հարազատների հանդեպ անհոգի, կոպիտ, անտարբեր, դաժան ու լպիրշ վարմունքի ու վերաբերմունքի, թվում է, թե հենց դա է այն հատակը, որից վար այլևս անհնար է գլորվել: Բայց այս իշխանությունը վաղուց և խորապես ծակել է նաև այս հատակը, հատել նաև այս կարմիր գիծը, որը Հայաստանում միշտ սրբություն է համարվել։ Եվ երբ զոհվածների ու անհայտ կորածների հարազատները ենթարկվում են նաև ձերբակալությունների, դա արդեն չի ցնցում և գործնականում չի առաջացնում ոչ մի հույզ, նույնիսկ հրապարակային վրդովմունք:
Այն, ինչ տեղի ունեցավ ՊՆ-ի մոտ ժամանակային առումով վերջին ակցիայի մասնակիցների հետ, ակունք է առնում 3-ամյա վաղեմության իրադարձություններից, աբսուրդի ոլորտի կրկին իսկ անհնարին ու աներևակայելի թվացող այն տեսարանից, որ կազմակերպվեց իշխանությունների կողմից 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում։ Այդ օրը պարզ դարձավ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք առանց վարանելու կարող են ծեծել, ծանակել և զոհված որդու շիրիմից բառացիորեն դուրս շպրտել նրա մորը։ Լոկ որպեսզի ճանապարհ «մաքրեն» նրա առջև, ով մեղքի իր ահռելի բաժինն ունի մի քանի հազար հայ զինվորների մահվան և ավելի քան 300 անհետ կորածների ճակատագրի հարցում։
2025 թվականի հոկտեմբերի 6-ին, ընդունելու, լսելու և ինչ-որ պատասխաններ տալու ՊՆ ղեկավարությանն ուղղված պահանջով բազմաժամ ակցիայից հետո, ձերբակալվեցին նրանց հարազատներից երկուսը, ում ճակատագիրն անհայտ է մնում արդեն 5 տարի շարունակ։
Ասելը հեշտ է, բայց դա դժվար կպատկերացնեն նրանք, ում Տերը փրկել է նման ճակատագրից. 5 տարի տանջվել անհայտությունից, չիմանալով՝ ողջ է որդիդ, թե ոչ, մտածել, որ նա օգնության խիստ կարիք ունի, բայց ականատես լինել, թե ինչպես դրա համար պատասխանատու պաշտոնյաները ոչինչ չեն անում այն ամենից, ինչ պարտավոր են։ Գիտակցել, որ նրանք խորապես անտարբեր են երիտասարդ զինվորների ճակատագրի նկատմամբ, որոնց պետությունն ուղարկել է պատերազմելու, բայց հետո ուրացել, ձեռքը թափ տվել՝ որպես անհետաքրքիր, նյարդայնացնող, հանգիստ ապրելուն խանգարող խնդրի վրա…
«Քննչական կոմիտեն 2,5 տարի անգործության է մատնվել և չի հետաքրքրվել անհետ կորած տղերքի ճակատագրով։ Ես հայտարարում եմ. դուք չեք կարող ինձ լռեցնել։ Դուք ինձ կարող եք լռեցնել միայն մեկ տարբերակով. ֆիզիկապես ոչնչացնելով: Այլ ճանապարհ դուք չունեք։ Ձեր կողմից մենք տեսել ենք բացարձակ անտարբերություն մեր երեխաների ճակատագրի հարցում։ 2,5 տարի դուք նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոչ մի գործողություն չեք արել: Էլի եմ ասել՝ մի՛ բերեք հասցրեք վիճակն այն աստիճանի, որ ծնողներին սարքեք հանցագործ»,- ասում էր Արսեն Ղուկասյանը 2023 թվականի մարտին, երբ նրա դեմ, ի դեպ, կրկին քրեական գործ էր հարուցվել։
«ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ, իսկ այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու համար։ Մեզ անընդհատ ստում են», – սրանք անհետ կորածի մոր՝ 2025 թվականի ապրիլի 7-ի բողոքի ակցիայի մասնակցի խոսքերն են։
«Հինգ տարի մեզ դեսուդեն են քշում։ Մենք հարցեր ունենք, որոնց պատասխանները պետք է ստանանք։ Այս տարիների ընթացքում նրանց պատասխանները մեզ ոչ մի անգամ չեն բավարարել։ Բայց վերջ, հերի՛ք եղավ, համբերության բաժակը լցվել է»,- 2025 թվականի սեպտեմբերի 29-ին հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Ամենայն հավանականությամբ, լցվել է նաև ՊՆ-ի և Քննչական կոմիտեի փաշինյանական պաշտոնյաների «համբերության բաժակը», որոնք տարիներ շարունակ խաբել են դժբախտ մարդկանց, ձևացնելով, թե հետաքննություն են վարում, իսկ գործնականում չձեռնարկելով ոչ մի քայլ, որը կպարզեր մի քանի հարյուր կորած հայ զինվորների ճակատագիրը։ Այդ տղաների ճակատագիրը պարզապես չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին, ճիշտ այնպես, ինչպես որ խորապես անհաղորդ են Բաքվում գտնվող գերիների ճակատագրին։
Այլապես այս երկար ժամանակահատվածում նրանք պատասխան կտային գոնե մեկ մոր կամ հոր, լույս կսփռեին անհետ կորածներից գոնե մի քանիսի վերաբերյալ։ Ցույց տալու համար, որ իսկապես աշխատում են, որ պետությունն անտարբեր չէ զինվորների ու նրանց ծնողների նկատմամբ և ազնվորեն փորձում է տալ բնավ ոչ հեշտ հարցերի պատասխանները։ Չէ, ոչ մի պատասխան, հույսի, աջակցության, կարեկցանքի ոչ մի խոսք… Փաշինյանի կառավարության համար այդ մարդիկ պարզապես գոյություն չունեն, իսկ նրանց կորած երեխաների ճակատագրի վրա իշխանությունները վաղուց խաչ են քաշել։
Առ այսօր ծնողներին փորձում էին լռեցնել «խաթրով», վստահեցնելով, թե իբր ամեն ինչ արվում է, հորդորելով, թե ոչ մի ակցիա պետք չէ կազմակերպել, քանզի ավելորդ աղմուկը կարող է խանգարել այդչափ նրբաբնույթ աշխատանքին։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին հետպատերազմյան առաջին տարիներին պետական պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո ծնողներն իրենք հայտարարում լրագրողներին, թե պետք չէ թեման բարձրացնել մամուլում, որպեսզի չվնասեն անհայտ կորածներին։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ դա լկտի ու ցինիկ սուտ է, և որ իշխանությունները պարզապես խաղում են մարդկանց զգացմունքների հետ, բայց հասարակությունը մեծ հաշվով լռում էր՝ ըմբռնումով մոտենալով նրանց վշտին։
Եվ ահա արդյունքը: Հիմա, երբ արդեն անհնար է թաքցնել սեփական անգործությունը, ծնողներին ու հարազատներին փորձում են վախեցնել ու լռեցնել։ Արսեն Ղուկասյանի կալանավորումը նախազգուշացում է մյուսներին. «վեր ընկեք տեղներդ», թե չէ ձեզ էլ կփակենք։ Մոռացեք ձեր երեխաներին «հանուն խաղաղության», այլապես ձեր վերջն էլ վատ կլինի:
ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԵՆԹԱԴՐԵՆՔ, ԹԵ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ՈՒ ԱԿՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ինչ-որ հակաօրինական բան են արել, միանգամայն ակնհայտ է, որ նրանց հասցրել են դրան։ Հասցրել են անտարբերությամբ, ստով, ցինիզմով, սեփական ծառայողական պարտականությունների բացահայտ անտեսմամբ։
«Դիմել եմ դատախազություն՝ խնդրելով պատժել անգործություն ցուցաբերած մարդկանց»,- ասում էր Ղուկասյանը 2023-ի մարտին։ Պատժեցին, բայց ոչ նրանց, ովքեր հանցավոր անգործություն են դրսևորում, այլ նրանց, ովքեր չեն ցանկանում համակերպվել իրենց երեխաների ճակատագրի անհայտության հետ:
Այս ամենին գնահատական տալ գործնականում անհնար է, ինչպես որ դժվար է պատկերացնել պետության նման վերաբերմունք նրանց նկատմամբ, ովքեր պատերազմ են գնացել և զոհաբերել իրենց կյանքը հանուն Հայրենիքի։ Միայն սեփական ժողովրդին թշնամի իշխանությունն է ընդունակ նման բանի, բայց դրա երկու ներկայացուցիչների մասին կցանկանայի նշել առանձնահատուկ։
Ակցիայի երկու մասնակիցների նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է ռազմական ոստիկանության և ՊՆ աշխատակիցների հաղորդման հիման վրա: Ցուցարարները պահանջել են հանդիպում Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, և Ասրյանն ի վերջո ընդունել է նրանց: Ինչի մասին էլ տարածվել է համապատասխան հաղորդագրություն, որտեղ հպարտությամբ նշվում է, թե «ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել» (դա, ըստ երևույթին, ձեռքբերում է համարվում նախարարությունում)։
Իսկ հետո բողոքել են՝ հաղորդում ներկայացնելով «հանցագործության» մասին։
Դժվար է հավատալ, թե Ասրյանն ու Վարդանյանը առնչություն չունեն այդ «հաղորդագրությանը»։ Եվ նույնքան դժվար է հավատալ, որ կորած զինվորների ծնողները նման վերաբերմունքի են արժանանում երկու արցախցիների կողմից։ Նրանցից մեկը Պաշտպանության բանակի վերջին հրամանատարն էր, երկրորդը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարության տակ ստորագրողներից մեկը։