Логотип

«Միասին»․Միասնաբար հանդես գալու կարիք ունենք․ Բողոքի ակցիա տեղի կունենա

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հայտարարությունը․

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը հերթական անգամ հայ հասարակության ուշադրությունը բևեռում է Բաքվի բանտերում և անվերջանալի դատավարություններում խոշտանգվող մեր հայրենակիցների խնդիրների վրա։ Արցախի նախկին պետնախարար, հայրենասեր գործարար ու միջազգային բարեսիրական ծրագրերով հայտնի Ռուբեն Վարդանյանի օրինակով արդեն ակնհայտ է, որ միջազգային հանցագործ Իլհամ Ալիևի վարչակազմը ձգտում է ապօրինի գումարների լվացման իրենց կոռուպցիոն գործիքակազմով և «խավիարային դիվանագիտությամբ» գնել ու կառավարել միջազգային կազմակերպությունների փորձագետներին՝ փորձելով «փաստաթղթավորել» իրենց ապօրինությունները, դրանք ներկայացնել որպես օրինական քայլեր։ Ցեղասպան ահաբեկիչ հանցագործը ճգնում է ցեղասպանության ենթարկվածին մեղադրել և նրան ներկայացնել որպես ահաբեկիչ, ռազմական հանցագործ։

2025 թ. փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) հրապարակել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացությունը։ Խումբը արձանագրել է՝ «Ադրբեջանի կողմից Վարդանյանի կալանավորումը կամայական չէ»։ Ասել կուզի՝ Ալիևը, փաստորեն, «ճիշտ է»։ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետևողական ջանքերով բացահայտվեց փորձագիտական ​​կարծիքի հիմքում ընկած ադրբեջանական բիրտ հետքը։ Խմբի ներկայիս նախագահող Հաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։ Նրա ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և հրապարակայնորեն աջակցել է Արցախի հանդեպ Ալիևի զավթողական քաղաքականությունը։ Յուդկիվսկան ֆինանսական հոսքերով ուղղակի կապված է Ադրբեջանի հետ, որը Վարդանյանին և մնացյալ հայ պատանդների մեղադրող կողմն է։

ՄԱԿ-ի կանոնները պահանջում են բացառիկ անկախություն և ինքնաբացարկում, երբ առկա է շահերի բախում, որը տեղի չի ունեցել։ Ցանկացած իրեն հարգող պետություն պետք է իր քաղաքացիների հանդեպ նման վտանգավոր նախադեպերի կրկնությունը կանխելու և կատարված կոպիտ խախտումները վերացնելու համար արդեն դիմած լիներ ՄԱԿ՝ պահանջելով անհապաղ վերանայել հիշյալ 46/2024 կարծիքը, հարգել ՄԱԿ-ի կանոնակարգը։ Սակայն արդարադատությունը պաշտպանելու առաքելությունն ու պարտքը ծանրացել է Օկամպոյի ուսերին։

Ինչո՞ւ է լռում Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին հայտնված Քաղաքացիական պայմանագիրը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որտե՞ղ է ՀՀ ԱԳՆ-ն, արդարադատության նախարարը, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն իր աշխատակազմով։ Ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջի իշխանություններից հաշվետու լինել իրենց հանցավոր անգործության համար։ Արդարադատությունը, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը նախընտրական քարոզարշավների կարգախոս չեն։ Այն վարչախումբը, որը զլանում է կամ անկարող է այս խնդիրները լուծել, պետք է հեռանա։

«Միասին» շարժումը ընդգծում է՝ ՀՀ գործող վարչախումբը ոչ միայն դրսում պաշտպան չի կանգնում մեր քաղաքացիների շահերին, այլև ներսում սահմանափակում է խոսքի ազատությունը, ինչի վկան կալանքի ենթարկված մեր տասնյակ հայրենակիցներն են, որոնք համաձայն չեն և պայքարում են իշխող ուժի քաղաքականության դեմ։

Մենք գտնում ենք, որ քաղաքական-հասարակական կառույցները, հանրության ակտիվ հատվածը միասնաբար հանդես գալու կարիք ունեն՝ հասնելու ապօրինի կալանված ու դատապարտված մեր հայրենակիցների ազատագրմանը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։

Ուստի, կոչ ենք անում ս․թ․ հոկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին մասնակցել բողոքի ակցիային Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Ժողովրդական միասնությունը կարող է իր հետևողական պայքարով հասնել արդարության հաստատմանը։

Միասին ենք, անպարտելի ենք։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

10․10․2025թ․»։

Aysor.am