Логотип

«Միասնության թևեր»․ Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է․ պետականությունը պահպանվում է պատասխանատվությամբ

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Հոկտեմբերի 27-ը պետականության դեմ ուղղված ահաբեկչական ոճրագործություն էր։

Այն հարված էր մեր ժողովրդի միասնությանը, պետական ինստիտուտներին և արժանապատիվ ապագայի նկատմամբ հավատին։

Այդ օրը սպանվեցին մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին Հայաստանի կայացման, մեր հասարակության առաջընթացի և խաղաղության գաղափարին։

Այսօր՝ քսանվեց տարի անց, մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել, այլև խոսել այդ ոճրագործության սարսափելի հետևանքների մասին, այն երբեք չպետք է մոռացվի։

Որևէ հասարակություն չի կարող ուժեղ լինել, եթե արդարությունը մնում է ոտնահարված, իսկ պատասխանատվությունը՝ անավարտ։

Հոկտեմբերի 27-ը մեզ հիշեցնում է, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ, որ ծառայությունը ժողովրդին իշխանությունից վեր է, որ քաղաքականությունը երբեք չպետք է վերածվի անձնական հաշվեհարդարի կամ վախի միջավայրի։

Այսօր հիշում ենք Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին՝ պետական մտածողությամբ, արժանապատվությամբ ու պատասխանատվությամբ մարդկանց։

Նրանց հիշատակն առ այսօր մեզ պարտավորեցնում է․

վերականգնել հավատը պետականության նկատմամբ, միասնաբար կառուցել ազատ և արդար Հայաստան, որտեղ իշխանությունը հաշվետու է, իսկ մարդու արժանապատվությունը՝ անսակարկելի։

Հավերժ հիշատակ բոլոր նահատակներին»։

Aysor.am