Логотип

«Միասնության թևեր»-ը հետևում է Վաղարշապատի նախընտրական քարոզարշավին և արձանագրելու է խախտումները

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկի պահից հետևում է նախընտրական պրոցեսին, կմշտադիտարկի նաև նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությունները։

Հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններում ընտրական ու հետընտրական պրոցեսներում տարբեր ուժերի և առավելապես իշխանական ուժի նախկինում ցուցաբերած հակաիրավական վարքագիծը՝ մենք վեր ենք հանելու ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում թույլ տրվող չարաշահումները, ինչպես նաև իշխանության կամ նրա հետ ասոցացվող քաղաքական ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման բոլոր դրսևորումները և չարաշահումների դեպքերը։

Կոչ ենք անում քարոզարշավին մասնակցող քաղաքական բոլոր ուժերին գործել օրենքի շրջանակում և ձեռնպահ մնալ իրավախախտումներից։ Խախտումների վերաբերյալ հավաքագրված տվյալները կուղարկվեն իրավասու, այդ թվում` իրավապահ մարմիններին, ինչպես նաև կկատարվի համապատասխան վերլուծություն: Արդյունքների վերաբերյալ հանդես կգանք առանձին գնահատականներով, ինչպես նաև կապահովվի կատարվող գործողությունների հրապարակայնությունը:

News.am