Логотип

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 4 անձ

Հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 4 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Միհրան Հակոբյանին ծեծի են ենթարկել դեկտեմբերի 8-ին, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում: Դեկտեմբերի 9–ին Հակոբյանին ծեծի ենթարկելու առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ գործով կասկածյալները կներկայացվեն Քննչական կոմիտե:

ՀՀ քննչական կոմիտեն էլ հավելել է, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են նրան և իրականացրել դիտավորությունը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու, խուլիգանություն կատարելու, կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելու, իսկ Ա.Բ–ի նկատմամբ` այդ գործողություններին օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկողները եղել են դիմակներով ու հարվածները հասցրել են թիկունքից:

Sputnik Արմենիա