Քուչակ-Ապարան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը` բուժօգնության դիմել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» մակնիշի ավտոբուսը և «Նիսսան» մակնիշի մեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ լուրերի` ՆԳՆ–ի ավտոբուսն ուղեկցել է ՔՊ–ականներին, որոնք առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել են Լոռու մարզ, իսկ մահացածը «Նիսսանի» վարորդն է։
Նշենք, որ Փաշինյանը Լոռու մարզի ճանապարհին անդրադարձել էր ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։
«Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Խնդրում եմ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար` ավելի արագ վարելու մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,-նշել էր նա:
ՔՊ–ականներն այս պահին, ամենայն հավանականությամբ, դեռ Ապարանում են, քանի Փաշինյանը րոպեներ առաջ տեսանյութ է հրապարակել, որում նրանք նախաճաշում են «Գնթունիքում»։
Sputnik Արմենիա
