Մեղադրող կողմը մինչ օրս ցույց չի տվել, թե կոնկրետ որն է եղել Շիրակի թեմի առաջնորդի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից իշխանությունը տապալելու կոչը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք խնդրել ենք մեզ ցույց տալ, թե որտեղ է իշխանությունը տապալելու կոչը, քանի որ ամբողջ գործը դրա վրա է կառուցվում։ Նախաքննության, կալանավորման, դատավարության փուլում մինչև հիմա չեն ասել, թե երբ և ինչպես է եղել այդ կոչը։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, բացի դրանից»,- ասաց Սարգսյանը։
Բացի այդ, ըստ նրա, վարույթ նախաձեռնելիս կան բազմաթիվ խախտումներ, մասնավորապես, խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերմանը։ Իսկ օրենսդրությունն արձանագրում է, որ եթե վարույթը նախաձեռնվել է ոչ իրավաչափ, ապա հետագա բոլոր գործողությունները դառնում են ոչ իրավաչափ։
Մյուս փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հավելեց՝ երկու լեզվաբան-փորձագետներն էլ եզրակացություն են տվել այն մասին, որ Աջապահյանի խոսքերում չի եղել կոչ, նրա խոսքերը ձևակերպված են պատմողական ոճով։
«Մենք ակնկալում ենք հանրային մեղադրողներից, որ ասեն, թե որ արտահայտությունն է պարունակում կոչ, որովհետև «կոչ» ասվածը, Սահմանադրական դատարանի կարգավորումների լույսի ներքո, պետք է լինի հրավեր, որ մարդիկ ընկալեն, գան և ինչ-որ գործողություններ կատարեն իշխանության փոփոխության։ Դա պետք է լինի ռազմական կամ ինչ-որ հակաիրավական գործողությունների շրջանակում, նման բան գոյություն չունի»,- ասաց Ֆարմանյանը։
Միքայել սրբազանի գործով հաջորդ դատական նիստը օգոստոսի 25-ին՝ 14։30–ին է։
Sputnik Արմենիա