Логотип

Մինչև տարեվերջ Իրանի սահման տանող ճանապարհի նոր հատվածը պատրաստ կլինի 30 %-ով

«Հյուսիս-Հարավ» մայրուղու շրջանակներում կառուցվող Քաջարան-Ագարակ նոր ճանապարհը այս տարեվերջին պատրաստ կլինի 30 %-ով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 214 մլն դոլար, որից մինչև 2025 թվականի վերջը իրացվելու է 70 մլն-ը:

Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրանական կապալառուն («Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերություններից բաղկացած կոնսորցիումը – խմբ.) աշխատում է ժամանակացույցի առաջանցմամբ:

«Իրանական կապալառուն աշխատում է այնպիսի տեմպերով, որպիսիք մենք նախկինում չենք տեսել», – հավելեց նա:

Փոխվարչապետը նշեց, որ աշխատանքների արագացումը անակնկալի է բերել կառավարությանը. տարեսկզբին ֆինանսների նախարարությունը ավելի քիչ գումար է հատկացրել աշխատանքների վճարման համար, քան արդյունքում պահանջվել էր: Ուստի կառավարության այսօրվա որոշմամբ այդ նպատակների համար լրացուցիչ կհատկացվի 8,4 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար)։ Ճանապարհը կառուցվում է Եվրասիական զարգացման բանկի վարկով՝ կառավարության համաֆինանսավորմամբ։

Նույն որոշման շրջանակներում համեմատաբար փոքր գումարներ (մի քանի տասնյակ միլիոն դրամ, այսինքն՝ մի քանի տասնյակ հազար դոլարի սահմաններում) կհատկացվեն Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածում ճանապարհի շարունակման համար հող գնելու, ինչպես նաև այդ հատվածում կառուցվելիք 8,6 կիլոմետրանոց Բարգուշատի թունելի նախագծի տեխնիկական փորձաքննության համար:

Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման համար արդեն իսկ կնքվել են վարկային համաձայնագրեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Եվրոպական ներդրումային բանկ, վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և Ասիական զարգացման բանկ) հետ: Հայտարարվել են շինարարության տեխնիկական հսկողության մրցույթներ, իսկ մինչև տարեվերջ մրցույթ կհայտարարվի նաև շինարարական աշխատանքների համար:

Ինչ վերաբերում է Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքներին, ապա մինչև տարեվերջ դրանք կավարտվեն վերջին երկու՝ 34 և 8 կմ երկարությամբ հատվածներում: Փոխվաչապետի խոսքով՝ եկող գարնանը այդ ճանապարհը պետք է ամբողջությամբ պատրաստ լինի:

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև շուրջ մեկ ժամ (այժմ՝ 1,5 – 2 ժամ):

Հիշեցնենք՝ «Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենածավալուն նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործող հատվածների ընդլայնմամբ) կկրճատի իրանականից մինչև վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։

Sputnik Արմենիա