Логотип

ՄԻՊ աշխատակազմն այցելել է «Արմավիր» ՔԿՀ․ ի՞նչ խնդիրներ են արձանագրվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկօրյա չհայտարարված այց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ խնդիրներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Ուսումնասիրվել են ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է` պաշտպանը ողջունել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում 2025 թվականին իրականացվել են վերանորոգման աշխատանքները, ինչի ժամանակ ամբողջապես հիմնանորոգվել են ՔԿՀ-ում տեղակայված բժշկական մասնաշենքը և կարանտինային բաժանմունքի խցերը, բայց միժամանակ արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:

Մասնավորապես` ՔԿՀ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովվել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով և հիգիենիկ պարագաներով, մասնաշենքերում առկա տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել ՔԿՀ-մասնաշենքերի ամբողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերները վերարտադրելու տեխնիկական խնդիրներ, ինչը խնդրահարույց է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից։

ՄԻՊ աշխատակազմը նաև նկատել է, որ պատժախցային մասնաշենքը, այդ թվում՝ խցերը, ունեն հրատապ վերանորոգման անհրաժեշտություն։ Խնդիրներ են եղել նաև ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում` կապված կցագրման հետ։

Պաշտպանի խումբն արձանագրել է նաև, որ անազատության մեջ գտնվող անձանց բժշկական հետազոտություններն ու նեղ մասնագիտական խորհրդատվությունները ձգձգվել են։ Դրանք շատ դեպքերում պայմանավորված են եղել նաև պահակախմբերի և տրասնպորտային միջոցների սակավությամբ։

Ազատությունից զրկված մի շարք անձինք էլ առանց առանձին պահելու վերաբերյալ որոշման առկայության փաստացի տևական ժամանակ պահվել են մեկուսի, ինչն օրենքի խախտում է։

«Բայցի դրանցից, ՔԿՀ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունը կատարվել է ոչ պատշաճ կերպով։ Մասնավորապես, ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, դա արվում է խուզարկության համար առանձնացված սենյակում խուզարկության հետ համատեղ՝ քրեակատարողական ծառայողների հետ միասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանի խումբն արձանագրել է, որ նախնական բժշկական զննություն իրականացվել է, երբ անձն առաջին անգամ ընդունվել է ՔԿՀ, բայց դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել։

ՔԿՀ-ում արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ, մասնավորապես՝ հեպատիտ «Ց»-ի արագ հայտնաբերման ստրիպներ, արձանագրվել է խցերում միջատների և կրծողների առկայություն։

«Հոգեբանի հաստիքները շարունակում են մնալ անբավարար, արձանագրվել են կալանավորված օտարերկրացի անձանց հագուստով ապահովման խնդիրներ, արձանագրվել են ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան սնունդ տրամադրելու հետ կապված խնդիրներ»,- նշվում է հաղորդագրությունում։

ՄԻՊ աշխատակազմը նաև արձանագրել է, որ պետք է բարելավել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի և «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունները։ Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են ՔԿՀ-ի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

ՄԻՊ աշխատակազմն ամփոփելու է խնդիրներն արտացոլող փաստաթուղթը, որպեսզի դրանք ներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Sputnik Արմենիա