Логотип

ՄԻՊ-ը խտրական վերաբերմունք չի տեսնում Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մեջ

Այն դեպքում, երբ որևէ պաշտոնատար անձ խտրական հայտարարություն է անում, այդ թվում Անդրանիկ Քոչարյանի պարագայում, ՄԻՊ–ն անդրադառնում է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի՞ անդրադառնում ՔՊ–կան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խտրական հայտարարությանը, արդյոք կաշկանդված է նրա ՔՊ–ական լինելու հանգամանքով։

Մանասյանը հիշեցրեց, որ երբ նախորդ տարի նույն Անդրանիկ Քոչարյանը սեռով պայմանավորված հայտարարություն էր արել, ինքը խոսել էր այդ մասին. «Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում մենք ունենք իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող որևէ հայտարարության հետ, որին կարիք կա մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունից անդրադառնալ։ Դրանից հետո պատգամավորն ինքը անդրադարձել է իր իսկ խոսքին, եթե չեմ սխալվում, նաև ներողություն է խնդրել, իսկ մենք ոչ թե մեկնաբանում ենք տարբեր պաշտոնատար անձանց խոսքերը, այլ անդրադառնում ենք խոսքերին, եթե դրանք կարող են պարունակել իրենց մեջ իրավահավասարության հակախտրականության ոլորտին առնչվող խնդիրներ։

Եթե համարում եք, որ էթիկային առնչվող խնդիրներ կան, այդ խնդիրները բնականաբար հնարավորություն ունեք այլ ձևաչափով պահանջելու, որպեսզի բարձրաձայնվեն։

Եթե տեսնում եք էթիկայի, վարքագծի կանոնների հետ կապված խնդիրներ պաշտոնատար անձանց խոսքում, մարմինը բոլորովին այլ է, որին պետք է դիմեք և դրա հետ կապված ստանաք պատասխան ու արձագանք։ Մասնավորապես, եթե ցանկություն ունեք, նշված պարագայում կարող եք դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ինչ վերաբերում է մեր հաստատությանը, ՄԻՊ–ն արձագանքում է այն դեպքերին, երբ ոչ թե մենք էթիկայի կամ վարքագծի կանոնի խախտում ենք տեսնում, որովհետև այդտեղ ընդհանրապես չունենք իրավասություն, այլ այն դեպքերում, երբ իրավունքների հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս»,–ասաց նա։

Մանասյանը նաև դիմեց պաշտոնյաներին. «Ես միայն կարող եմ հիմա բոլոր պաշտոնատար անձանց կոչ անել շատ ավելի զգայուն լինել իրենց արտահայտություններում, որպեսզի հանկարծ որևւէ մեկի մտքով չանցնի որևէ տպավորություն»։

Հիշեցնենք, որ նախօրեին Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով լրագրողներից մեկին, ասել էր. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»։

Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանի՝ բանակից ազատվելու մասին հայտարարությունը. «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:

Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են»:

Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը ներողություն էր խնդրել իր խոսքի համար։

News.am