Логотип

ՄԻՋԱԴԵՊ, ԹԵ՞ ՇՈՈՒ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ։ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին բռնազավթված Ստեփանակերտում Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանի ձերբակալության մասին, որն իբր ահաբեկչություն է նախապատրաստել: Հաղորդվում էր, որ նա իր տնից ուղևորվել է անտառապատ տարածք, որտեղ վերցրել է նախապես թաքցրած զենքը՝ ինքնաձիգն ու նռնակները: Այնուհետ փորձել է մոտենալ միջոցառման անցկացման վայրին, որտեղ էլ ձերբակալվել է։ «Ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել՝ ձեռքի երեք նռնակ նետելով և ինքնաձիգից կրակ բացելով։ Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը վիրավորվել է»,- ասված էր հաղորդագրության մեջ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԿՑՎԱԾ ԷՐ ՄՈՏ ՄԵԿ ՐՈՊԵ ՏևՈՂՈՒԹՅԱՄԲ ՏԵՍԱՆՅՈՒԹ, որում տղամարդը ուսապարկը ձեռքին մտնում է ինչ-որ լքված շինություն, ապա քայլում երթևեկելի մասով, մտնում մեկ այլ տեղ, որից հետո իջնում է փողոցն ի վար և շրջվում դեպի ինչ-որ շինհրապարակ: Այդտեղ տեսանյութն ավարտվում է, որից հետո գալիս են ձերբակալության լուսանկարները։

Տեսանյութի բեմադրված լինելն աչքի է զարնվում միանգամից։ Օրինակ, որտեղի՞ց առհասարակ այդ տեսանյութը. Ստեփանակերտի ամայի ծայրամասերում տեղադրված և սարքին գործող տեսախցիկների՞ց (ավելի քան մեկ րոպեի ընթացքում կադրում ուրիշ ոչ ոք չի հայտնվում)։ Թե՞ Արցախում դեռևս մնացած մի քանի հայերից յուրաքանչյուրին հետևում են տեսախցիկով: Ինչո՞ւ են հրապարակվել Ավանեսյանի «նախապատրաստական գործողությունների» կադրերը, բայց չկա տեսանյութ, թե ինչպես է նա փորձում նռնակ նետել և կրակել ոստիկանների վրա։

Հասկանալի է, որ ԶԼՄ-ների տիրաժավորած լուրը բազմաթիվ հարցեր ու բուռն քննարկումներ առաջացրեց սոցցանցերի հայկական հատվածում։ Ընդ որում կարծիքներն էապես տարբեր էին. «պարտիզանական պատերազմի մեկնարկից» մինչև ադրբեջանցիների կողմից ինչ-որ նպատակով սարքված միջադեպ։

«Միայն ադրբեջանցիները գիտեն, թե ինչպիսի իրադարձություն կարող էր տեղի ունենալ այն կեղտոտ բակում, որտեղ շինարարություն է ընթանում։

Եթե չեմ սխալվում, այս Կարենը կամ կատուների, կամ շների սիրահար է, հոգեպես առողջ չէ և, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներն իրենք են նրան խորհուրդ տվել ինչ-որ տեղից վերցնել անհայտ պարունակությամբ պայուսակ և իրենք են նրան ուղղորդել»,- գրում է «Փետրվարի 20» տելեգրամ-ալիքը։

Համանման կարծիք հայտնեց նաև մեկ այլ աղբյուր՝ «Արցախ» տելեգրամ-ալիքը. «Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել օկուպացված Ստեփանակերտում մնացած հոգեկան հիվանդ Կարեն Ավանեսյանի մասին։ Ցույց են տալիս Կարենի տեղաշարժը տարբեր կետերից, և երևում է, որ ոչ մի հետևողական շարժում չկա: Բոլոր կադրերում Կարենը շարժվում է նախորդ կադրին հակառակ ուղղությամբ։ Ահաբեկչական Ադրբեջանում այնքան բթամիտ են համարում իրենց մարդկանց, որ հիմարացնում են ահա այսպիսի տեսանյութերով»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով հաղորդագրությունը, հայտարարեց, որ «Բաքվի ռեժիմը շարունակում է ձևավորել հայ-թշնամու կերպարը։ Ընդ որում, Բաքուն հայկական կողմին հասկացնում է, որ իր ռազմատենչ նպատակներն ու հռետորաբանությունը չեն փոխվել»։

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԿ ԱՅԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ դժվար է ասել, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

«Սոցիալական մեդիայի ադրբեջանական հատվածում հաճախ է նկատելի Ստեփանակերտում գտնվող հայերի նկատմամբ ծաղր ու վիրավորանք արտահայտող տեսանյութեր ու չի բացառվում, որ հենց այսպիսի իրավիճակներից մեկն էլ բերել է նման միջադեպի: Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով: Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում»,- գրել է նա։

Արցախցիներից ոմանք ճանաչել են տղամարդուն՝ նշելով, որ նա հոգեկան խանգարում ունի։ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնեց, որ ըստ որոշ աղբյուրների՝ Կարեն Ավանեսյանը ծանր մանկություն է ունեցել, վաղ հասակում կորցրել է մորը, բայց հետո բարձրագույն կրթություն է ստացել և տիրապետել մի քանի լեզուների: Պողոսյանի խոսքերով՝ նրան բնութագրում են որպես ինքնամփոփ, չշփվող մարդու, որը տարօրինակ տպավորություն է թողնում շրջապատի վրա:

Մինչդեռ համացանցում հայտնվեց ևս մեկ տեսանյութ, թվագրված 2024 թվականի մարտ ամսով, որտեղ նույն Կարեն Ավանեսյանից հարցազրույց է վերցնում ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքը։ «Կարեն Ավանիս՝ «խանքենդիում» ապրող հայ»,- ասված է տիտրերում, իսկ բուն հարցազրույցն ադրբեջաներեն է։ «Ես լավ գիտեմ Ադրբեջանի պատմությունը, քանի որ ինքս ադրբեջանցի եմ։ 16 տարեկանում դարձել եմ Ադրբեջանի քաղաքացի, ես Հայաստանի քաղաքացի չեմ»,- ասում է Ավանեսյանը, որը, եթե հավատանք հաղորդագրություններին, 58 տարեկան է։

Հիմա հարց. եթե ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող այդ մարդուն մի անգամ կարելի էր օգտագործել քարոզչական կեղտոտ նպատակներով, ապա ինչո՞ւ չի կարելի օգտագործել երկրորդ անգամ՝ նույն այդ նպատակներով: Օրինակ, հերթական անգամ ի լուր աշխարհի հայտարարելու համար, թե արցախահայերը ահաբեկիչներ են և հիմա էլ չեն հանդարտվել ու ահաբեկչություններ են պատրաստում Ստեփանակերտում։ Եվ ուրեմն նրանց վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եվ կազմակերպելու ևս մեկ ցուցադրական դատավարություն՝ ի հաճույս սեփական հանրության և ի ահաբեկում հայերի։

ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՊՂՏՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ԱՆԻ. այդ ճահիճն այնքան խորն է, կեղտոտ ու գարշահոտ, որ ենթակա չէ մարդկային նորմալ տրամաբանությանը։ Սակայն ուշադրություն դարձնենք այս պատմության մեկ այլ տեսանկյան վրա:

Ի՞նչ է տեղի ունեցել ձերբակալված Կարեն Ավանեսյանի հետ, ո՞ւր են տարել նրան և ի՞նչ են արել նրա հետ։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության բացակայության պայմաններում նրա հետագա ճակատագրի մասին ողջ տեղեկատվությունը մնում է անհայտ, որևէ այլ անկախ միջազգային կազմակերպության կողմից վերահսկողություն պարզապես չկա:

Իսկ դա նշանակում է, որ նրա հետ կարող են անել ինչ ասես, և չի բացառվում, որ առաջիկա օրերին հայտնվի Ավանեսյանի մասնակցությամբ հերթական բեմականացված շոուն, որտեղ նա կխոստովանի այն ամենը, ինչ պետք է Բաքվի դահիճներին։

Ողբերգական շոուն… Քանզի այդ մարդը ոչ մեկին պետք չէ, առաջին հերթին՝ ՀՀ իշխանություններին, որոնք, բնականաբար, չնչին իսկ հետաքրքրություն չցուցաբերեցին գազանների ճիրաններում հայտնված ևս մեկ արցախահայի ճակատագրի նկատմամբ։ Կապույտ անձնագրով ՀՀ քաղաքացու, ի դեպ։ Ախ հա՜, այդ անձնագրում այլ կոդ է նշված. 070… Թեև դա ի՞նչ նշանակություն ունի նրանց համար։ Դեռ թարմ է Ստեփանակերտում մահացած տարեց հայուհու հետ կապված պատմությունը, որի դին ամիսներ շարունակ չէին կարողանում տեղափոխել Հայաստան և փոխանցել ընտանիքին փաշինյանական կառավարության անգործության և անտարբերության պատճառով։

Իրեն Հայաստանի օմբուդսմեն հորջորջող և բացառապես իշխանական հանցախմբի շահերը սպասարկող Անահիտ Մանասյանը, հարկադրված պատասխանելով Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հարցին, հայտարարեց, որ թեև օմբուդսմենը իրավասու չէ մեկնաբանել այլ երկրներում տեղի ունեցածը, այդուհանդերձ Բաքվի հաղորդագրությունների պարագայում կատարվում է «տեղեկատվության վերլուծություն, այն քննարկվում է գործընկերների հետ»:

Դե, բա ո՜նց… Մինչև հիմա «վերլուծում ու քննարկում է», ըստ երևույթին, բայց ոչ մի կերպ չի կարողանում քննարկել-պրծնել։