Логотип

Միջազգային փաստաբան․ ՀՀ-ում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը, որը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է՝ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։ Այս մասին գրել է հայտնի միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Ավելի վաղ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։

«Միքայել սրբազանի դատավարությունը, որը նա ինքն է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, ցույց է տալիս, թե ինչպես են ոտնահարվում խոսքի ազատության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։ Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ որ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են»,- գրում է Ամստերդամը։

Նա շեշտում է՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։

Միջազգային փաստաբանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։

«Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե քաղաքական գործիք»,- եզրափակում է Ամստերդամը։

Sputnik Արմենիա