ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հաղորդակցությունների բացման վերաբերյալ պայմանավորվածությունների պահպանման երաշխիքների մասին հարցին։ Ըստ նրա՝ այն գաղափարը, թե լավագույն երաշխիքը երրորդ կողմի, մասնավորապես գերտերության մասնակցությունն է, անհիմն է։
«Նման երաշխիքները չեն գործում, մենք այդ մասին իմացանք մեր փորձից»,- ասել է նա։
Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները փոխշահավետ են։ Նա պատասխանել է նաև ընդդիմության մեղադրանքներին՝ կապված ՀՀ տարածքի կրճատման հետ. «Անկախության հռչակումից՝ 1991 թվականից ի վեր, փաստաթղթերով ՀՀ տարածքը մնում է անփոփոխ։ Բայց կա մի փոքր տարբերություն։ Ռազմական գործողությունների արդյունքում մեր ինքնիշխան տարածքի մոտ 200 քառ. կմ-ը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գաղտնիք չէ նաև, որ կան փաստաթղթերով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք այսօր վերահսկվում են մեր ԶՈւ-ի կողմից»։
Միրզոյանի խոսքով՝ այս հարցը չպետք է լուծվի նոր ռազմական գործողություններով և այդ ինքնիշխան տարածքների ազատագրմամբ։ Նա հավելել է, որ Հայաստանը ավելի քան 30 տարի գտնվել է մեկուսացման մեջ, և այժմ քննարկվում է հաղորդակցությունների ապաշրջափակումը:
«Խոսքը երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակման մասին է։ Դա, առաջին հերթին, նշանակում է Հայաստանի ապաշրջափակում, սակայն պետք է նշել, որ համաձայնեցված համընդհանուր սկզբունքների վրա հիմնված լայնածավալ ապաշրջափակմանն ուղղված ջանքերը ներառում են նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հաստատումը»,- հայտարարել է նախարարը։
Alpha News
