Логотип

Միրզոյանը ստում է. ընդդիմադիրները` Բաքվի հետ քննարկվող պայմանագրում քարտեզի հարցի մասին

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից երևում է, որ Հայաստանը զիջել է և ընդունել Ադրբեջանի հերթական պահանջը՝ փաստաթղթին կոնկրետ քարտեզ չամրագրելով։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը։

Նրանք, մասնավորաբար, անդրադառնում են օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։

«Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միրզոյանը ստում է։ Նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում` առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման»,- նշում են պատգամավորները։

Նրանց խոսքով՝ սա նշանակում է, որ նախաստորագրված փաստաթղթով ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ չի ամրագրվել։ Ըստ նրանց՝ այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ, իսկ ՀՀ ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Պատգամավորները շեշտում են՝ սա հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Վստահ են, որ գործող իշխանությունների նպատակը երբևէ չի եղել հայանպաստ ձևակերպումներ ապահովելը։

«Նրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է և ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայության պատրանք ստեղծելը։ Սա է իշխանության էությունը՝ ստել, մոլորեցնել և հիմնավորել Ադրբեջանի պահանջները»,- եզրափակում են պատգամավորները։

Sputnik Արմենիա