ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համատեղ նոր հայտարարություն են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները։
«ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ պայմանավորվածության՝ այն կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ գիշերը 2-ին)։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
«Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությանն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։
Նշվում է, որ նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
