Логотип

Միրզոյան․ Պետք է ապաշրջափակվի նաև Երասխ-Սադարակ հատվածը

Եթե չբացվի Երասխ–Սադարակ ճանապարհը, Մեղրիով ճանապարհ բացվելը ինչ ուզում է լինի, աշխարհի ամենալավ ճանապարհն էլ լինի, Հայաստանին բացարձակապես ոչ մի բան չի տալու։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այսինքն պետք է բացվի Երասխ–Սադարակը, նոր բացվի Մեղրիից մինչև Ագարակ հատվածը, այսինքն Սյունիքով անցնող ճանապարհը։ Դա էր պատճառը, որ ես խնդրել էի Ադրբեջանին ներկայացված կոնկրետ առաջարկը և Ադրբեջանի կոնկրետ պատասխանը, որպեսզի լինի համաժամանակյա բացում։ Մեկ է դրանով Հայաստանի արտաքին շրջափակումը չի ճեղքվի, գոնե ներքին արդյունավետությունը կբարձրանա։ Եվ հիմա խնդրում եմ ասեք՝ Ադրբեջանից պատասխան եկել է թե չէ, Ադրբեջանը ինչ է ասել, կոնկրետ այդ ուղղությամբ աշխատանք կա, թե չկա»,–ասաց նա։

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Հավատացնում եմ ձեզ, հետո այդ օրն էլ կգա, սաղ կբացվի, դա էլ կտեսնեք։ Լիքը բան իրենք են մեր հետ համաձայնվել, լիքը բան մենք։ Լիքը բան իրենք ուրիշ ձև կուզեին գրեին, լիքը բան՝ մենք։ Կա այն, ինչ որ հրապարակված է, հլը որ ոչ մեկ չի ասել այդ հրապարակումից հետո, նույնիսկ դուք, վայ տեսեք ինչքան վատ բան կար։ Ճիշտ հակառակը, ոնց որ թե այդ պայմանագրի մասին բոլոր չարագուժումները դադարեցվեցին գրեթե անմիջապես հրապարակումից հետո։ Նույնիսկ դուք, որ ուզում եք ամեն ինչը ասեք, որ շատ վատ է և Հայաստանը կործանվում է, այդ մի տեքստի մասով բան չունեցաք ասելու։

Հիմա, վերադառնալով Երասխ–Սադարակ հատվածին. այո, պետք է ապաշրջափակվի Երասխ–Սադարակը, այսինքն Նախիջևանի հատվածը ևս։ Դուք ասում եք սկզբից սա, հետո նա, կամ համաժամանակյա։ Ես ասում եմ, ընդհանրապես այս ամբողջ ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի։ Ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա։

Հետո նորից ինձ կարող եք ասել՝ բա տեսաք, նա բացվեց, երեք օր հետո նոր։ Համաժամանակյա ասելով տրամաբանական ռացիոնալ բանով եմ ասում, չեմ նույն րոպեին»,– ասաց նա։

News.am